Օրերս Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղի ունեցավ TCF Armenia ընկերությունների խմբի կողմից կազմակերպված FORMULA GORIS 2-օրյա թվային կոնֆերանսը: Նպատակն էր Սյունիքի մարզի ու Արցախի բնակիչներին փոխանցել թվային մարքեթինգի և տեղեկատվական տեխնոլոգիաների արդի գիտելիքներ ու գործիքակազմ:
TCF Armenia –ի համահիմնադիր, GlobalAM հասարակական կազմակերպության և BANA-ի (Հայաստանի բիզնես հրեշատկների ցանց) համահիմնադիր Գևորգ Պողոսյանի խոսքով, Հայաստանի յուրաքանչյուր գյուղում, քաղաքում պետք են գիտելիքով զինված, ուժեղ երիտասարդներ, ովքեր Հայաստանի համար այս կարևոր փուլում, իրենց ներդրումը կունենան տնտեսական պատերազմում հաղթելու գործում:
"Այս կոնֆերանսը հնարավորություն է՝ գիտելիքով զինված ջոկատներ պատրաստելու համար: Կոնֆերանսը Գորիսում կազմակերպելու որոշումն, իհարկե, պատահական չէ. Սյունիքը Հայաստանի անսասան ու երբեք չհանձվող հենասյունն է, և սյունեցիների գիտելիքով ու նորարարական հմտություններով զինված լինելը ռազմավարական նշանակություն ունի",- նշում է նա:
Գիտելիքների զինանոցում կարևոր տեղ է զբաղեցնում տեղեկատվական տեխնոլոգիաների տիրապետումը։ ՏՏ-ն այսօր արդեն առանձին ոլորտ չէ, ասում է նա, այլ անբաժան մաս է կազմում բոլոր ոլորտների, օրինակ՝ գյուղատնտեսության, առողջապահության, բանակի և այլն: Որևէ բնագավառում բարձր արդյունավետությամբ գործելու համար անհրաժեշտ է ՏՏ-ի կիրառումը:
"Ակնհայտ է, որ սրընթաց զարգացումների և բիզնեսի համաշխարհայնացման դարաշրջանում ենք ապրում, ու հայկական ստարտափ էկոհամակարգը մրցում է ամբողջ աշխարհի հետ: Եվ այդ զարգացումներին համընթաց քայլելը բավարար չէ, պետք է առաջնորդել այդ զարգացումները: Իհարկե, առաջին հերթին պետք է զարգացողից զարգացած երկիր դառնանք, ինչի համար պետք է արժեք ստեղծենք և արտահանեենք, ու արտահանման ծավալները ներմուծումից ավելին պետք է լինեն: Իսկ արդյունավետ արտահանում կազմակերպելու համար, երկիրը պետք է ունենա գիտատար տնտեսություն և արտահանի տեխնոլոգիաներ, նորարարություններ, որոնք կօգնեն մարդկությանը, կլուծեն նրանց խնդիրները, կհեշտացնեն կյանքը":
Ինչո՞ւ է դա կարևոր հենց այս շրջանում: Գևորգ Պողոսյանի խոսքով, այս պատերազմի ընթացքում շատ բան ենք կորցրել՝ ազգի նվիրյալ զավակներին, զգալի տարածքներ, մշակույթ, օր օրի կորցնում ենք նաև տնտեսություն, համբավ ու հեղինակություն: Երևի թե յուրաքանչյուրն այս ամենից հետո իրեն հարց է տվել, թե որտե՞ղ եմ սխալվել, ի՞նչն այնպես չեմ արել, կամ ընդհանրապես չեմ արել: Եվ այս հարցին որպես պատասխան գործնական քայլ պիտի հետևի։
"Այս փուլում պետք է մեր բոլոր ջանքերն ու ռեսուրսներն ուղղենք սխալներն ու դրանց հետևանքները շտկելուն: Իմ խորին համոզմամբ՝ այսպիսի ձախողումներ լինում են, երբ մենք կենտրոնանալով ավելի անկարևոր խնդիրների վրա, ուշադրության կենտրոնից դուրս ենք թողնում էականն ու նշանակալին. մենք անտարբերության ենք մատնել մեր երկրի կառավարումը։ Այսօր պետք է սևեռվենք կարևորի վրա: Անհրաժեշտ արագությամբ զարգանալու համար պետք է ազգովի առաջնորդվել նույն գաղափարով ու արժեքներով, մեր պարագայում համարում եմ, որ դա հզոր ազգային պետություն կառուցելն է: Հզոր ազգային պետությունը անհրաժեշտ է հարատև խաղաղության համար. այնքան հզոր, որ ոչ թե հարձակվեն մեզ վրա ու համարժեք պատասխան ստանան, այլ անգամ որևէ մեկի մտքով չանցնի մեզ վրա հարձակվել: Հայաստանի մասնակցությունը պատերազմներին պիտի Հայաստանի որոշմամբ լինի, ոչ թե այլոց կողմից պարտադրված",- վստահ է նա։
Պարտությունները, շարունակեց նա, գալիս են ոչ արդյունավետ կառավարումից։ Երբ ուսումնասիրում ես երկրի խնդիրները, հասկանում ես, որ յուրաքանչյուր խնդրի համար պատասխանատու կա կառավարությունում, ու բավական է յուրաքանչյուր պատասխանատուն արդյունավետ գործի՝ երկրի զարգացումն անխուսափելի կլինի: Այսօր, առավել քան երբևէ, առաջնային է, որպեսզի կենտրոնանանք հենց զարգացման ու դեպի զարգացում տանող գործողությունների ու արդյունավետ քայլերի վրա: Արդյունավետ կառավարություն ունենալու համար արդյունավետ մարդիկ պիտի ստանձնեն երկրի կառավարումը, դրա համար նրանք պիտի գան իշխանության, իսկ դրա համար պիտի մտնեն քաղաքականություն: Մեր ազգը բազմաթիվ գործունակ ու արդյունավետ զավակներ ունի. "Կարծում եմ, ազգովի պիտի կամավորագրվենք այս քաղաքական պատերազմին"։
Բայց կարևոր է նաև ազգային գաղափարախոսություն ունենալը:
"Ազգային գաղափարախոսությունը ազգի նպատակի, այդ նպատակին հասնելու ռազմավարության և արժեքային համակարգի համախումբն է։ Նման ուղեցույց ունենալն ազգային պետություն կառուցելու համար պարզապես անհրաժեշտ է։ Հզոր ազգային պետության կառուցումը տարիների հետևողական աշխատանք է պահանջելու, և այդ աշխատանքը պիտի տարվի համախմբված, բոլոր ռեսուրսների համադրմամբ, ինչը հնարավոր կլինի միայն մեկ միասնական նպատակ ու մեկ միասնական ազգային գաղափարախոսություն ունենալու դեպքում։ Երկրի զարգացումը պահանջում է համակարգային լուծումներ, ինչը նշանակում է, որ ամբողջ ազգով, որպես մի մեծ համակարգ, պիտի ձեռնամուխ լինենք նույն՝ հզոր ազգային պետություն կառուցելու գործին։ Օրինակ ես՝ ամբողջությամբ դուրս եմ եկել բիզնեսների կառավարումից ու զբաղվում եմ միայն հանրային գործունեությամբ։ Իհարկե, պարտադիր չէ բոլորս դուրս գանք մեր ոլորտներից, սակայն պարտադիր է բոլորս, թեկուզ մեր տեղում մնալով, գործենք նույն գաղափարախոսությամբ, հանուն նույն նպատակի։ Բայց, բոլոր արդյունավետ գործող հայերը, ովքեր կկարողանան դուրս գալ իրենց ոլորտներից և լծվել Հայաստանի կառավարման գործին, կենսական նշանակության ծառայություն կմատուցեն մեր ազգին ու պետությանը",- ասում է նա։
Պողոսյանը վստահ է, որ համակարգային աշխատանքը բացառիկ արդյունքներ է տալիս այն դեպքում, երբ համակարգի ներսում տիրում է համերաշխություն ու փոխվստահություն.
"Այս օրհասական պահին մենք իրար հանդեպ պետք է լցվենք բացառիկ վստահությամբ և միավորվենք, բառի ամենալայն ու խորը իմաստով՝ վերցնելով մեր վրա միավորման բոլոր ռիսկերը: Այդ ռիսկերի վնասը մեզ վրա կազդի անհատապես, իսկ չմիավորվելը ճակատագրական կլինի մեր ամբողջ ազգի ու պետության գոյության համար։ Մեր ազգը շատ անգամներ է ունեցել նմանատիպ փորձ և նորից ու նորից համոզվել ենք, որ մեր պարտություններն ու ողբերգությունները մեր պառակտվածության արդյունքն են, ինչպես օրինակ՝ Մեծ Եղեռնը։ Հետևաբար, մեկ ազգային գաղափարախոսության շուրջ միավորվելը ՊԱՐՏԱԴԻՐ է"։
Պողոսյանը նաև կարծում է, որ ազգ-բանակը ճիշտ հայեցակարգ է Հայաստանի համար, որովհետև պատերազմող երկրում մենք բոլորս պիտի զինվոր լինենք, և ո՛չ միայն պատերազմի դաշտում:
"Մեր երկիրը պիտի ռազմական դրության կանոնակարգ ունենա յուրաքանչյուրիս համար և ամեն մեկս՝ նախարար թե բժիշկ, նկարիչ թե հացթուխ, գործարար թե վարորդ, պետք է հստակ իմանա իր պարտականություններն ու անելիքները պատերազմի ժամանակ: Նաև խիստ կարևոր եմ համարում առնվազն 200,000 հոգանոց ակտիվ ռեզերվի ձևավորումը։ Սա ենթադրում է մարտունակ կանանց և տղամարդկանց հավաքագրում տարին առնվազն 2 անգամ ուսումնավարժական հավաքների, նրանց ֆիզիկական և մտավոր կարողությունների գնահատում, ըստ դրա նրանց, համապատասխան միավորների համար, պատրաստում։ Ակտիվ ռեզերվում պիտի մեծապես ներգրավված լինեն նաև բարձր տեխնոլոգիական ոլորտի մասնագետները, քանի որ մեր հաջորդ պատերազմը կարող է 6-րդ սերնդի պատերազմ լինել։ Բանակի մյուս կարևորագույն բաղադրիչը սպառազինությունն է, որի համալրման համար 2 հիմնական հարց ունենք լուծելու՝ Հայաստանի ռազմական բյուջեի մեծացում նորարարական տեխնոլոգիաների ձեռքբերման նպատակով և, իհարկե, ազգային ռազմարդյունաբերական համալիրի կայացում",- հավելում է նա։