24.11.2024
Հայաստանում փակ ճանապարհներ, Լարսում՝ կուտակված բեռնատարներ. ԱԻՆ
prev Նախորդ նորություն

Արշակ Կարապետյանն օրենքի ուժով նշանակվել է ՀՀ զինված ուժերի ԳՇ պետի առաջին տեղակալ

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին: Այդ մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:


Հայտարարության մեջ նշվում է, որ առաջնորդվելով Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթներով՝ վարչապետի կողմից 2021թ. ապրիլի 7-ին Հանրապետության նախագահին էր ներկայացվել առաջարկություն՝ Արշակ Կարապետյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ նշանակելու վերաբերյալ՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը:


«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետներում Հանրապետության նախագահը չի ստորագրել վարչապետի կողմից ներկայացված նախագիծը և այն առարկություններով չի վերադարձրել վարչապետին, հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասը՝ 2021թ. ապրիլի 13-ից Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին», - ասված է հայտարարության մեջ:


VERELQ-ը հիշեցնում է, որ այս տարվա ապրիլի 6-ին Արշակ Կարապետյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից։


Արշակ Կարապետյանը 2016 թվականին ապրիլյան ռազմական գործողություններից հետո ազատվել է ՀՀ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից։


2018 թվականի դեկտեմբերին վարչապետ Փաշինյանը Կարապետյանին նշանակել է իր խորհրդական։