Հայաստանը պետք է երկխոսություն վարի Թուրքիայի հետ. Անդրանիկ Քոչարյան
Հայաստանը պետք է առնվազն երկխոսություն վարի Թուրքիայի հետ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 9-ին, հայտարարել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» դաշինքի խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը։
Նրա խոսքով, հայկական կողմը Թուրքիայի հետ երկխոսություն է վարել նաեւ արցախյան առաջին պատերազմի ժամանակ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նույնիսկ մասնակցել է Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալի հուղարկավորությանը:
«Լինելով Մեղրիի պարետ՝ ես խոսել եմ Նախիջևանի ներքին գործերի նախարարի հետ։ Այո, մենք կռվել ենք, բայց նաև երկխոսություն ենք վարել։ Այդ պատճառով, բնականաբար, պետք է երկխոսություն վարել Թուրքիայի հետ։ Եթե մենք դա չանենք, դա կանեն մեր փոխարեն», - հայտարարել է Քոչարյանը։
Նա ընդգծել է, որ ավելի ճիշտ է «խոսել, այլ ոչ թե կրակել»։ Լրագրողների այն հարցին, թե ինչպես երկխոսություն վարել Թուրքիայի հետ նրա ներկայիս հռետորաբանության ֆոնին, Քոչարյանը նշել է, որ այդ հարցի պատասխանը պետք է գտնի Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը: