23.11.2024
Կորոնավիրուսի ամենաշատ մուտացված շտամները Թուրքիայից Ռուսաստան են բերվել. Աննա Պոպովա
prev Նախորդ նորություն

Հայ գերիների հարցով Գլխավոր դատախազությունը մշտապես կապի մեջ է ռուսական կողմի հետ. Դավթյան

Աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը: Այդ մասին հայտնում են դատախազության մամուլի ծառայություն:


Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, սույն թվականի հունվարին ՀՀ գլխավոր դատախազի՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում Արթուր Դավթյանը ՌԴ իր գործընկերոջը հրավիրել էր Հայաստան:


Հիշեցնենք, որ նման մակարդակով սա առաջին այցն է ՀՀ 2013 թվականից ի վեր, իսկ ՌԴ գլխավոր դատախազի պաշտոնում սա Իգոր Կրասնովի առաջին արտերկրյա այցն է։


ՌԴ գլխավոր դատախազի աշխատանքային այցը մեկնարկել է ՀՀ գլխավոր դատախազությունում ապրիլի 8-ին կայացած ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ հանդիպմամբ:


Երկու երկրների գլխավոր դատախազները բարձր են գնահատել իրենց ղեկավարած կառույցների միջև ձևավորված գործընկերության մակարդակը, որի առավել ամրապնդման և խորացման ուղղությամբ երկուստեք ակտիվորեն գործադրվում են բոլոր հնարավոր կառուցակարգերը: Դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ երկու երկրների գլխավոր դատախազների միջև 2007 թվականից ի վեր ստորագրվել են համագործակցության վերաբերյալ 6 ծրագրեր:


Ողջունելով Իգոր Կրասնովին ՀՀ գլխավոր դատախազությունում՝ Արթուր Դավթյանը նշել է, որ հետպատերազմյան շրջանում նման այցի կազմակերպումն ինքնին ընդգծում է երկու երկրների համագործակցության ռազմավարական նշանակությունը:


Արթուր Դավթյանը գոհունակությամբ նշել է, որ իրավական օգնության, էքստրադիցիայի ոլորտներում ցուցաբերվող որակյալ փոխօգնության արդյունքում շատ դեպքերում ձեռք են բերվում քրեական գործերի ելքերի համար վճռորոշ նշանակություն ունեցող ապացույցներ, իսկ վերջին տարիներին ՌԴ-ի կողմից բավարարվել են հանձնման վերաբերյալ հայկական կողմի բազմաթիվ հարցումներ, որոնց արդյունքում հնարավոր է դարձել ծանր, առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող բազմաթիվ անձանց հանձնումը ՀՀ իրավապահ մարմիններին:


Գործակցության նման մակարդակի հասնելու հարցում Արթուր Դավթյանը բարձր է գնահատել ՌԴ գլխավոր դատախազի անձնական ներդրումը, դրսևորած հետևողականությունը:


ՌԴ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել, որ ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև համագործակցությունը իսկապես խիստ արդյունավետ է և առաջիկայում կարևոր անելիքներ կան հատկապես անդրազգային հանցագործությունների հակազդման, երկու երկրների քաղաքացիների իրավունքների պաշտպանության, դատախազությունների աշխատակիցների մասնագիտական կարողությունների կատարելագործման և այլ ուղղություններով։ ՌԴ գլխավոր դատախազը կարևորել է նաև միջազգային տարբեր կառույցներում ՀՀ և ՌԴ դատախազությունների գործակցությունը և ՀՀ գլխավոր դատախազին հրավիրել մասնակցելու 2021թ․-ի հուլիսին Սանկտ-Պետերբուրգում կայանալիք Եվրոպական երկրների դատախազությունների ղեկավարների համաժողովին։


Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև 2020թ.-ին տեղի ունեցած պատերազմից հետո տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը խոչընդոտող գործոնները: Բարձր գնահատելով պատերազմի դադարեցման հարցում ՌԴ նախագահի անձնական ներդրումը, ինչպես նաև Արցախում խաղաղության և կայունության ապահովման նպատակով ռուսական խաղաղապահ ուժերի կատարած աշխատանքը, իրավական բնույթի խնդիրների լուծման նպատակով ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև գործող մշտական ամենօրյա կապը՝ Արթուր Դավթյանը նշել է, որ միայն 2020թ.-ի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործումը՝ կապված բոլոր ռազմագերիների վերադարձման և հումանիտար բնույթի հարցերի լուծման հետ, կարող է տարածաշրջանում տևական խաղաղության, տնտեսական և այլ ոլորտներում համագործակցության երաշխիք հանդիսանալ:


Արթուր Դավթյանը հավելել է, որ ՀՀ դատախազությունը պարբերաբար ռուսական կողմին տրամադրում է հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց վերաբերյալ տվյալներ և ապացույցներ, ինչի առնչությամբ ՌԴ դատախազությունը մշտական կապի մեջ է ադրբեջանական կողմի հետ:


ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը հանդիպման ընթացքում ընդհանուր գծերով ներկայացրել է պատերազմի ընթացքում հակառակորդի կողմից կատարված ռազմական հանցագործությունների ամբողջական պատկերը, միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ ոտնահարումները, ռազմական գործողություններին Ադրբեջանի կողմից միջազգային ահաբեկչության ներգրավման վերաբերյալ առկա տվյալները, Ադրբեջանի զինված ուժերի՝ հանցագործություններ կատարած համապատասխան պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկման ուղղությամբ կատարվող աշխատանքները:


ՌԴ գլխավոր դատախազը հույս է հայտնել, որ 2020թ․ նոյմեբերին ստորագրված եռակողմ հայտարարության իրականացման գործընթացում, հատկապես կապված հումանիտար բնույթի հարցերի հետ, երկու երկրների դատախազությունների ակտիվ ներգրավվածությունը կհանգեցնի մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում խաղաղության և իրավակարգի ամրապնդմանը, հանրային կյանքի հիմնական ոլորների բնականոն կենսագործունեության վերականգնմանը, իսկ քաղաքացիների մոտ կձևավորվի վաղվա օրվա հանդեպ կայունության և հանգստության համոզմունք։


Հանդիպման արդյունքներով Արթուր Դավթյանը և Իգոր Կրասնովը ստորագրել են համատեղ հայտարարություն՝ ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև համագործակցության զարգացման մտադրությունների վերաբերյալ, որն ուղղված է դատախազների որակավորման բարձրացմանը և բազմաթիվ ուղղություններով գործընկերության ամրապնդմանը:


Այցի շրջանակում նախատեսված է նաև ՌԴ գլխավոր դատախազի հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: