ՀՀ քաղաքացիները բակալավրի և մագիստրոսի կրթություն են ստանալու Բուլղարիայի բուհերում
Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրով կրթություն ստանալու նպատակով ՀՀ 4 քաղաքացի մեկնելու է Բուլղարիա:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապի և տեղեկատվության վարչությունից տեղեկացնում են, որ Բուլղարիայի բուհերում Հայաստանի քաղաքացիները բակալավրի և մագիստրոսի կրթություն կստանան «Բուժական գործ», «Դասական և ժամանակակից բանասիրություն» և «Գրաֆիկական դիզայն» մասնագիտությունների գծով:
Գործուղման համար հիմք են հանդիսացել «Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հատկացված կրթաթոշակային տեղերի մրցույթի անցկացման (բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի, ասպիրանտուրայի /ինտերնատուրա, օրդինատուրա/ և դոկտորանտուրայի կրթական ծրագրերով) կարգը», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառներում 2018-2022 թթ. համագործակցության մասին» ծրագիրը, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի որոշումը: