ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը վերսկսել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման շրջանակներում դրամաշնորհների տրամադրման գործընթացը։
Նախարարությունից հայտնում են, որ մարտի 17-23-ը տեղի ունեցավ նախագծերի ներկայացման փուլը, որի ընթացքում վերանայվեց նորարարական 23 գաղափար և կայացած ընկերությունների 38 հայտ։
Նորարարական գաղափարների անվանակարգում հաղթող ընկերությունների թվում է «Քայլտեք»-ը, որի ներկայացրած սարքը՝ էկզոկմախքը, նոր խոսք է վերականգնողական բժշկության բնագավառում։ Գաղափարը ծնվել է Ապրիլյան պատերազմի ժամանակ։ Մասնագիտությամբ կինեզիոլոգ Դավիթ Արսենյանը որոշել է օգնել ողնուղեղային և գանգուղեղային վնասվածք ստացած զինվորներին և հիմնել է ընկերություն, որը զբաղվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար վերականգնողական սարքավորումների արտադրությամբ։
Առաջին մոդելն արդեն փորձարկվել է։ Ներկայիս սարքը ավելի նորացված, հզորացված ու կատարելագործված կլինի, հնարավորություն կտա քայլքի ժամանակ նույնիսկ հավասարակշռություն պահել։ Դրամաշնորհի օգնությամբ հույս ունեն, որ կարճ ժամանակում նոր սարքն արդեն կկիրառվի։
Էկզոկմախքում ներդրված է սեփական նախագծման կառավարման ծրագրային ապահովումը, որը կիրառվում է բոլոր տեսակի շարժիչներում։ Սարքի 6 հանգույցները պտտվելով՝ ստեղծում են իրական քայլքի վիճակ, որն ապահովում է անշարժ հոդերի էլաստիկությունը։
Կայացած ընկերությունների դրամաշնոհների հայտատուների թվում էր «Ինստիգեյթ ռոբոտիքս»- ը յուրատեսակ ծրագրով՝ նախատեսված կանխելու անտառային հրդեհները և ծառահատումները։ Սարքը կարողանում է տեղորոշել կտրող սարքերի ձայնը, ֆիքսել ծուխը, տարածքը նկարում և ուղարկում է իրավիճակային կենտրոն։
Սարքը բազմաֆունկցիոնալ է. կարող է տեղեկություններ ուղարկել նաև տվյալ տարածքի եղանակի՝ ջերմաստիճանի, քամու արագության, տեղումների վերաբերյալ։ Կարող է կիրառվել նաև պաշտպանական նպատակներով, որն առայժմ նախագծային փուլում է։ 30-250մ բաց տարածությունում տեղադրելու պարագայում այն կարող է ֆիքսել շարժումը և իրավիճակը փոխանցել կառավարման կենտրոն։ Լիցքավորվում է արևի էներգիայով և առանց միջամտության, ինքնավար աշխատում է հինգ տարի։
Նշենք, որ պատերազմական գործողությունների պատճառով 17-րդ միջոցառման գործընթացը սառեցվել էր, միջոցառման համար նախատեսված ֆինանսական միջոցները վերադարձվել էր ՀՀ պետական բյուջե։
ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 11-ի համապատասխան որոշմամբ՝ 2021թ. ՀՀ պետական բյուջեից կրկին միջոցներ է հատկացվել 17-րդ միջոցառման ֆինանսավորման համար։