Անհրաժեշտ է ընդունել գյուղատնտեսության զարգացման պետական ռազմավարական ծրագիր. Խաչիկ Ասրյան
Հայաստանին անհրաժեշտ է ընդունել գյուղատնտեսության զարգացման պետական ռազմավարական ծրագիր՝ հիմքում դնելով Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության ապահովման անհրաժեշտությունը: Այս մասին ասված է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանի՝ ռազմական և սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային ծրագրում:
Համաձայն դրա, անհրաժեշտ է դադարեցնել Հայաստանի համայնքների խոշորացման ապազգային և արատավոր ծրագիրը՝ վերադառնալով նախկին կառուցվածքին և զարկ տալ գյուղապահպանության ու գյուղատնտեսության զարգացմանը։ Ասրյանը կարևորում է Հայաստանի բոլոր համայնքների նախկին կառուցվածքի վերականգնումը՝ հատկապես պահպանելով և կարևորելով գյուղը, գյուղական բոլոր համայնքների դերն ու նշանակությունը գյուղատնտեսության զարգացման գործում, և ամեն օր՝ 24-ժամյա ռեժիմով, Հայաստանում զարգացնել գյուղատնտեսության բոլոր ճյուղերը:
"Ընդունել գյուղատնտեսության զարգացման պետական ռազմավարական ծրագիր՝ հիմքում դնելով Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության ապահովման անհրաժեշտությունը:
Մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը Հայաստանի գյուղական բոլոր համայնքների ընտանիքների գյուղատնտեսական բոլոր վարկերը զրոյացնել: Գյուղատնտեսական բոլոր տեսակի վարկերի վճարումը Հայաստանում գործող բանկերին պարտավոր է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ավելին, այս որոշման մեջ հստակ նշել, որ Հայաստանի գյուղական բոլոր համայնքներում բնակվող ընտանիքների կողմից մասնավորի և, կամ պետության առջև կուտակված ոռոգման ջրի և հողի հարկի պարտքերը զրոյացվում են",- ասված է ծրագրի դրույթներում: