Ոստիկանները հայտնաբերել են Լրագրողի արձանը գողացած անձանց. նրանք ձերբակալվել են
Մարտի 25-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Նոր Նորքի 1-ին զանգվածում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու բակից գողացել են Լրագրողի բրոնզաձույլ արձանը:
ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մարտի 30-ին՝ ժամը 14:30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների, ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի և Նոր Նորքի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում Արցախի և Արին Բերդի փողոցների խաչմերուկում հայտնաբերվել և գողություն կատարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկվել 45 և 42 տարեկան երկու տղամարդիկ՝ «Միցուբիշի» ավտոմեքենայով հանդերձ։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Բերման ենթարկվածները ձերբակալվել են: Կատարվում է նախաքննություն:
Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել էին, որ անհայտ անձինք վանդալիզմի են ենթարկել Երեւանի Նոր Նորքի առաջին զանգվածի սբ․ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված լրագրողի արձանը եւ գողացել դրա տարբեր հատվածներ: