26.11.2024
Զոհվածի գերեզմանատան բարեկարգման համար գումար է ստացել ու հափշտակել այն. ԱԱԾ
prev Նախորդ նորություն

Հայ-ռուսական հարաբերությունները սովորական բնույթ չունեն. նախագահ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը համաձայն չէ այն կարծիքի հետ, թե վերջին տարիների ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները վատացել են: Նրա խոսքով, սա ավելի շատ գնահատական է Ռուսաստանից, քան Հայաստանից: Այս մասին նախագահը խոսել է ռուսաստանյան ՌԲԿ գործակալությանը տված հարցազրույցում:


"Բնականաբար, Հայաստանում կան տարբեր քաղաքական գործիչներ, տարբեր հետաքրքրություններ: Հարցին դժվար է միանշանակ պատասխանել, և միաժամանակ, նաև շատ հեշտ է: Պարզ պատասխանն ակնհայտ է՝ ով էլ լինի իշխանության Հայաստանում, վաղ, թե ուշ հասնում է այն եզրահանգման, որ հայ-ռուսական հարաբերությունները սովորական բնույթ չունեն: Դրանք ոչ միայն բազմադարյան են, այլև այնքան խորը, որ դժվար է էմոցիոնալ տեսանկյունից գնահատել",- նշել է նա:


Նախագահն ասել է, որ ողջ աշխարհում հանդիպել է հայերի և անկախ նրանից, թե որտեղ էին նրանք գտնվում՝ Բուենոս Այրեսում, ԱՄՆ-ում, Եվրոպայում, Մերձավոր Արևելքում կամ այլուր, նրանց մեծամասնությունը հաստատում է, որ Հայաստանի լավագույն բարեկամը Ռուսաստանն է: Եթե հարցնես՝ ո՞վ է Հայաստանի լավագույն բարեկամը, 100 հոգուց 99-ը կպատասխանի՝ Ռուսաստանը: Եվ նրանք այն հայերն են, ովքեր բնակվում են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և այլուր: Եվ ոչ միայն հայերը:


"Նույն կարծիքի են նաև եվրոպացի կամ արևմտյան քաղաքական գործիչները, ում հետ քննարկում ենք Հայաստանի ապագան կամ այդ երկրների հետ երկկողմ հարաբերությունները: Նրանց ընկալումն այն է, որ ամեն դեպքում Հայաստանը Ռուսաստանի գործընկերն է: Այդ հարաբերություններն այնքան խորն են, որ դա ոչ միայն այստեղի, այլև Արցախի, Ռուսաստանի հայերն են նշում...",- ասել է նա՝ ընդգծելով, որ դա հաստատուն է: Եվ աշխարհը հենց նման հաստատունների վրա է կարողանում գոյություն ունենալ:


"Կարևոր են ևս երկու գործոններ, որոնք նույնպես հաստատուններ են: Դրանցից մեկը վստահությունն է, մյուսը՝ կանխատեսելիությունը: Մեր հարաբերությունները պետք է լինեն այնքան հասկանալի և խորը, որ անվերապահ վստահենք իրար: Պետք է լինի կանխատեսելիություն, քանի որ անկանխատեսելիությունը նման հարաբերություններում և այսպիսի աշխարհում խիստ վտանգավոր է: Այսինքն, դու պետք է կանխատեսելի գործընկեր ունենաս",- հավելել է Սարգսյանը: