Դեօկուպացիա և վերադարձ. Երևանը ներակայցրել է ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ իր մոտեցումները
Տարածաշրջանում առկա սպառնալիքները և մարտահրավերները թելադրում են համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը այն երկրների հետ, որոնք շահագրգիռ են խաղաղության և կայունության ամրապնդմամբ: Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ ներկայացնելով կառավարության 2020 թվականի ծրագրի կատարման հաշվետվությունը։
Նրա խոսքով, ադրբեջանա-թուրքական ագրեսիան Արցախի դեմ ցույց տվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժեղ համանախագահության անհրաժեշտությունը, որը կկարողանար ղեկավարել խաղաղ կարգավորման գործընթացը՝ հիմնված կարգավորման սկզբունքների եւ տարրերի վրա, որոնք մշակվել են անցած տարիների ընթացքում: Ռազմական գործողությունների ավարտից հետո հայկական կողմը քայլեր է ձեռնարկել ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ընթացքում ներկայացված Հայաստանի մոտեցումների մշակման ուղղությամբ:
Նախարարը հիշեցրել է, որ այդ մոտեցումները ենթադրում են Արցախի կարգավիճակի որոշում ինքնորոշման իրավունքի իրացման հիման վրա, Արցախի ժողովրդի անվտանգության համալիր ապահովում, Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի տարածքների դեօկուպացիա, բռնի տեղահանվածների անվտանգ վերադարձ բնակության վայրեր, Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայ ժողովրդի պատմամշակութային հուշարձանների պահպանության ապահովում:
Հայկական կողմի առաջնահերթությունների մեջ է մտնում նաև միջազգային հանրության, մասնավորապես՝ ՄԱԿ-ի և այդ կազմակերպության կառույցների մասնակցության ապահովումը, Արցախում հումանիտար իրավիճակի հանգուցալուծումը։ Հայաստանի ԱԳՆ միջազգային գործընկերների հետ համատեղ ջանքեր է գործադրում Արցախի մարդասիրական խնդիրների օպերատիվ լուծման ուղղությամբ։ Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից Արցախին մարդասիրական օգնություն ցուցաբերելուն խոչընդոտելը պետք է խստորեն դատապարտվի։
Մարդասիրական առաջնահերթ խնդիրներից է Ադրբեջանի կողմից պատանդ վերցված հայ գերիների հայրենադարձության ապահովումը։ Արտաքին քաղաքական գերատեսչության ուշադրության կենտրոնում է նաև ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող պատմամշակութային ժառանգության հուշարձանների պահպանության հարցը։