Արմեն Գրիգորյանը չի համարում Թուրքիային թշնամի պետություն
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի համարում Թուրքիային թշնամի պետություն և նշում, որ այս հարցում «մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն»։ Այդ մասին նա հայտարարել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով լրագրող Պետրոս Ղազարյանի՝ «Թուրքիային համարու՞մ ենք թշնամի պետություն», հարցին:
«Ես ասացի, որ պատերազմից հետո տարածաշրջանում շատ բաներ են փոխվել։ Եթե մենք գնում ենք տարածաշրջանի ապաշրջափակմանը՝ ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն և մենք այդ ուղղությամբ աշխատում ենք», - ասաց նա ու հավելեց, որ սխալ կլինի միանշանակ պնդել, որ որևէ վտանգ չի գալիս պատերազմի ընթացքու Ադրբեջանին միանշանակ ռազմաքաղաքական աջակցություն ցուցաբերած Թուրքիայից:
«Միանշանակ պնդել, որ որևէ վտանգ չի գալիս Թուրքիայից սխալ կլինի, բայց ընդհանուր տարածաշրջանում ընթացող գործընթացները նաև այլ հնարավորություններ են տալիս», - նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ Արցախյան երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանում մեծ փոփոխություններ են կատարվել:
Ըստ այդ, նշել է նա, ապաշրջափակման գործընթացը, որն ընթանում է նոյեբերի 9-ից, և ավելի ինտեսնսիվ փուլ է մտել հունվարի 11-ի ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների կողմից հայտարարված փաստաթղթի շրջանակում, «մենք դիտում ենք այն ավելի լայն տարածաշրջանային համատեքստում»: «Ապաշրջափակումը ոչ միայն պետք է լինի Ադրբեջանի հետ, այլ ավելի լայն տարածաշրջանային մոտեցում պետք է ունենա։ Եվ կարծում ենք, որ դրա հնարավորություններն այս պահին կան», - նշեց նա։
«Ուղիղ դիալոգ Թուրքիայի հետ չկա, բայ գիտեք, որ հրապարակային և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, և Թուրքիայի կողմից գոնե հրապարակային հայտարարություններ եղել են և, կարծում եմ, որ դրա հնարավորթյունը կա», - ասաց Գրիգորյանը։