Խորհրդարանում ընթանում է Վճռաբեկ դատարանի անդամի ընտրության երկրորդ փուլը
Ազգային ժողովում ընթանում է Վճռաբեկ դատարանի անդամի ընտրության երկրորդ փուլը: Ընտրությունների, այսպես կոչված, առաջին փուլը ձախողվեց իշխող «Իմ քայլը» դաշինքի բոյկոտի պատճառով, որը բոյկոտի միջոցով որոշեց արտահայտել իր դժգոհությունը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին:
Վերջինիս խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները մեղադրում էին քաղաքական չեզոքության բացակայության մեջ։
Ինչպես հայտնել է խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ խորհրդարանում տեղի կունենա անդամի ընտրության երկրորդ փուլը, որին կմասնակցեն ավելի վաղ ներկայացված երեք թեկնածուներից երկուսը:
Երկրորդ փուլ են անցել առավելագույն ձայներ հավաքած թեկնածուները։ Այսպիսով, այսօր՝ մարտի 24-ին, պատգամավորները կքննարկեն Արմեն Հայկյանցի եւ Արսեն Մկրտչյանի թեկնածությունները: Ըստ ընթացակարգի՝ թեկնածուներին կտրվի 15 րոպե ելույթ, այնուհետեւ տեղի կունենա մտքերի փոխանակում, որի ընթացքում ելույթ կունենան միայն խմբակցությունների ներկայացուցիչները: