Հայաստանում ռազմական դրությունը վերացվում է. ԱԺ-ն կողմ քվեարկեց ընդդիմության նախագծին
Ազգային ժողովն այսօր՝ մարտի 24-ին, նիստում կողմ քվեարկեց ԼՀԿ և ԲՀԿ խմբակցությունների ներկայացրած «Ռազմական դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծը։
Նախագծին կողմ կքվերակեց նաև կառավարող «Իմ քայլը» խմբակցությունը։ Նախագիծն ընդունվեց ձայների 118 «կողմ», 1 «դեմ», 1 «ձեռնպահ» հարապերակցությամբ։
«Հիրավի անիմանալի են ճանապարհներն աստծո»,- ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Հայաստանում ռազմական դրությունը հայտարարվել էր 2020 թ. սեպտեմբերի 27-ին՝ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից պատերազմական գործողությունների սանձազերծման օրը:
Պատերազմի ավարտից շուրջ մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 2-ին, կառավարության որոշմամբ վերացվեց ռազմական դրության շրջանակներում գործող մի շարք սահմանափակումներ:
Մասնավորապես «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» կառավարության որոշման մեջ կատարվեցին փոփոխություններ, որոնցով վերացվեցին հավաքների, գործադուլների կազմակերպման և մասնակցելու արգելքը:
Վերացվեցին նաև հրապարակումների և հաղորդումների սահմանափակումների արգելքը, ինչպես նաև Հայաստանի տարածք հատուկ մուտքի և ելքի ռեժիմն ու սահմանափակումները։
Մինչ օրս ռազմական դրության շրջանակում պահպանվում էին ընտրությունների անցկացման և վարչապետին Ազգային ժողովի կողմից անվստահություն հայտնելու արգելքները: