22.11.2024
ԱԺ նախագահը կոչ է արել քվեարկել ռազմական դրության չեղարկման օգտին
prev Նախորդ նորություն

Հայրենիքի փրկության շարժումը վերականգնում է Բաղրամյան պողոտայով ազատ տեղաշարժը

Հայրենիքի փրկության շարժումը վերականգնում է Բաղրամյան պողոտայով ազատ տեղաշարժը՝ վերացնելով քաղաքացիների համար ստեղծված անհարամարությունը: Այս մասին ասված է շարժման տարածած հայտարարության մեջ:


"Արդեն տևական ժամանակ է՝ Հայրենիքի փրկության շարժումը տարատեսակ բողոքների և քաղաքացիական անհնազանդության ակցիաների, հանրահավաքների, իրավական և քաղաքական այլ միջոցներով պայքարում է մեր երկիրն աղետի հասցրած իշխանության դեմ։

Այս ընթացքում մեզ հաջողվել է ձևավորել հանրային լայն համախմբում վարչապետի աթոռին կառչած անձի հեռացման պահանջի շուրջ։ Վարչախումբը թեև դանդաղ, սակայն հանրային լայն ճնշման ազդեցության տակ տեղի է տալիս:


Հասարկության և քաղաքական բոլոր ուժերի համար արդեն ակհայտ է, որ առանց առկա ճգնաժամի հանգուցալուծման հնարավոր չէ Հայաստանի զարգացումը, ավելին՝ վտանգի տակ են երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

Միաժամանակ ակնհայտ է, որ շարունակական պայքարի գործելաոճը որոշակի անհարմարություններ է ստեղծում քաղաքացիների համար, որն ամենևին Շարժման նպատակը չէ:


Ելնելով վերը նշվածից՝ Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը պայքարի ներկա շրջափուլում որոշել է.


1. Սկսել քաղաքական ակցիաների նոր ալիք՝ ընդլայնելով գործողությունների աշխարհագրությունն ու մարզերի բնակչության ընդգրկվածությունը:

2. Հանրային ճնշման պահպանման և Շարժման հետագա գործողությունների համակարգման նպատակով Դեմիրճյան փողոցում տեղակայված վրանային ճամբարը հայտարարել Շարժման շտաբ:

3. Վերականգնել Բաղրամյան պողոտայով ազատ տեղաշարժը՝ վերացնելով քաղաքացիների համար ստեղծված անհարամարությունը:

Շարժման հետագա անելիքները ներկայացնելու համար մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Բաղրամյան-Դեմիրճյան փողոցներում հրավիրվում է համապետական հանրահավաք:


Հայրենակիցնե՛ր,


Մեր նպատակն ու օրակարգն անփոփոխ են: Պայքարելու ենք և հաղթենք", - ասված է հայտարարության մեջ։