23.11.2024
Ո՞ւր դիմեն Արցախի մշակութային կրթության օջախների առանց աշխատանքի մնացած աշխատողները
prev Նախորդ նորություն

ԶՈՒ-երը դեպի թիկունք հայացք չպետք է ունենան. Փաշինյանը ներկայացրել է ԳՇ նորանշանակ պետին

Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին ներկայացրել ԶՈՒ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանին:


Վարչապետը իր խոսքում, մասնավորապես, նշել է.


«Այսօր հավաքվել ենք, որպեսզի ներկայացնեմ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում: Իհարկե նորություն չկա, որովհետև արդեն երկար ժամանակ բոլորս գիտենք, որ հենց պարոն Դավթյանն է փոխարինելու Օնիկ Գասպարյանին Գլխավոր շտաբի պետի պաշտոնում, բայց մեր օրենսդրության առանձնահատկություններից ելնելով ստիպված էինք որոշ ժամանակ սպասել:


Բոլորդ գիտեք, որ պարոն Դավթյանը Գլխավոր շտաբի պետի պաշտոնը թողել է ծառայության հետ կապ չունեցող պատճառներով և պետք է արձանագրեմ, որ մենք պարոն Դավթյանի հետ այս ընթացքում անընդհատ կապի մեջ ենք եղել ու պարզ է եղել, որ նրա ներուժը պետք է անպայման օգտագործենք մեր պետական գործերում, ներգրավենք նրան:


Այս ընթացքում պարոն Դավթյանը ստանձնել է Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահի պարտականությունները, նաև պատերազմի ընթացքում ես նրան հրավիրել եմ Սյունիք՝ Սյունիքի ինքնապաշտպանությունը կազմակերպելու կամ ինքնապաշտպանության կազմակերպմանը մասնակցելու նպատակով: Նկատի ունեմ՝ պարոն Դավթյանն այս ընթացքում միշտ ներգրավված է եղել և ըստ էության կտրված չի եղել պետական գործերից: Համոզված եմ, որ իր առաքելությունը կշարունակի նույնպիսի բարձր մակարդակով, ինչպիսի բարձր մակարդակով սկսել էր: Իհարկե, առաքելությունը հեշտ չէ, չափազանց ծանր ժամանակներ ենք ապրում և խնդիրներն ավելի քան լուրջ են: Խնդիր մեկ՝ պաշտպանել բանակը, պաշտպանել Զինված ուժերը և խնդիր երկու՝ այնպես անել, որ Զինված ուժերում տեղի ունենան անհրաժեշտ բարեփոխումներ, որոնք կուժեղացնեն առաջին հերթին Զինված ուժերը, Հայաստանի արտաքին անվտանգության պաշտպանվածության մակարդակը, և իհարկե, մեր բոլորի վստահությունը Զինված ուժերի ու մեր անվտանգային համակարգի նկատմամբ:


Պարոն Դավթյան, շնորհավորում եմ Ձեզ այս բարձր կարգավիճակը վերստանձնելու առիթով: Թույլ տվեք համոզմունք հայտնել, որ մեզ կհաջողվի լուծել այն խնդիրները, որոնք բխում են մեր երկրի, մեր պետության, մեր ժողովրդի շահերից: Ամենայն հաջողություն եմ մաղթում Ձեզ այս պատասխանատու պաշտոնում և հույս ունեմ, որ մենք հնարավորինս արագ կհաղթահարենք այն բարդությունները, որոնք հայտնի հանգամանքների բերումով ծառացել են մեր առաջ:


Մի հանգամանք ևս ուզում եմ ընդգծել. ես 2018 թվականին Ձեզ ներկայացնելով Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնին՝ շատ կարևոր եմ համարել, որ Զինված ուժերի ապաքաղաքական լինելու հանգամանքը ճշգրտորեն պահպանվի և պետք է ասել, որ այդ խնդիրը նույնպես Դուք կատարել եք շատ բարձր մակարդակով:


Մենք 2018 թվականի դեկտեմբերին ունեցել ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ և չի եղել մի ահազանգ, մի դեպք, երբ արձանագրվի, որ Զինված ուժերը որևէ ձևով ենթարկվել են քաղաքական ներգործության կամ ներքաշվել են քաղաքական գործընթացների մեջ: Սա չափազանց կարևոր է և համոզված եմ, որ նույնպիսի հստակ իրավիճակ մենք կունենանք նաև հետագայում, ապագայում:


Եվ ուզում եմ կրկնել ևս մեկ անգամ, որ այն իրադարձությունները, որ տեղի ունեցան փետրվարից մինչև այս կողմ, շատ պարամետրերով հասկանալի են: Ցանկանում եմ նշել, հավաստիացնել, որ որևէ մարդկային, քաղաքական հետք իմ մեջ դա չի թողել, ուղղակի պետք է խնդրեմ, պետք է պայմանավորվենք, որ Զինված ուժերի ապաքաղաքականացումը, հետագայում ապաքաղաքական լինելու սկզբունքը պետք է սրբորեն պահենք: Դա պետք է ոչ թե ինձ, դա պետք է ոչ թե կոնկրետ անհատի կամ խմբի, դա կարևոր սկզբունք է, որ առաջին հերթին պետք է Զինված ուժերին:


Զինված ուժերը դեպի թիկունք հայացք չպետք է ունենան ընդհանրապես, այլ բան, որ կան խնդիրներ, հարցեր, որ Զինված ուժերի բնականոն զարգացումը կառավարությունը պետք է ապահովի, մենք բոլորս պետք է ապահովենք, հատկապես այս իրավիճակում: Զինված ուժերը, որնքան էլ մի քիչ տարօրինակ հնչի, պետք է պաշտպանված զգա, բայց մյուս կողմից էլ պիտի չխուսափենք բարձրացված հարցերին պատասխանելուց, որովհետև դա պետք է առաջին հերթին մեզ: Որոշակի հետևություններ իհարկե պետք է արվեն, բայց այդ հետևությունները չպետք է լինեն այնպիսին, ինչի վերաբերյալ, ցավոք իմ համոզմամբ, հաջողվել էր մեր Զինված ուժերի մի շարք հարգելի ներկայացուցիչների համոզել»:


Արտակ Դավթյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և նշել. «Իհարկե տրված ցուցումները վերցնում ենք ի կատարում և վստահ եմ, որ Զինված ուժերը քաղաքական որևէ գործընթացներում մասնակցություն չեն ունենալու, որը նախատեսված չէ Սահմանադրությամբ և օրենքներով: Միևնույն ժամանակ, Ձեր թույլտվությամբ պարոն վարչապետ, կցանկանայի նորից շեշտել և շնորհակալություն հայտնել գեներալ Գասպարյանին պատերազմի ընթացքում ղեկավարման, ինչպես գեներալ Գալստյանին՝ այս ընթացքում պարտականությունների կատարման համար: Հույս ունենք՝ համատեղ ջանքերով կկարողանանք լուծել այն բոլոր խնդիրները, որոնք ներկայում կան Զինված ուժերի առջև»:


Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Ես ևս միանում եմ Ձեր խոսքերին, ևս մեկ անգամ Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին շնորհակալություն եմ հայտնում մատուցած ծառայությունների համար և պարոն Գալստյան իհարկե Ձեզ շնորհակալություն՝ այս ընթացքում Գլխավոր շտաբի պետի պարտականությունները կատարելու համար: Շնորհակալություն բոլորին, որովհետև իսկապես շատ բարդ, ծանր ժամանակաշրջանով ենք անցել և կարծում եմ, որ մենք, ի վերջո, այս ողջ ընթացքում կարողացանք անել առավելագույնը և արեցինք այն անհրաժեշտը, որպեսզի այս ամենից դուրս գանք ուժեղացած, համախմբված և, ի վերջո, ապագայի նկատմամբ լավատեսությունը նորոգած»: