Ոստիկանության բաժիններում մի խումբ անձինք Արցախից բերված զենք-զինամթերք են կամավոր հանձնել
19.03.2021
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բնակչության հետ տարվող բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Այդ մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:
Մարտի 15-ին Լուսակունք գյուղի մի բնակիչ ոստիկանության Վարդենիսի բաժնում հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, տարբեր տեսակի նռնակներ՝ պայթուցիչներով, տարբեր տրամաչափի և հրազենների 200-ից ավելի փամփուշտ և այլն, որոնք, ըստ նրա, պատկանել են հանգուցյալ պապին։ Վաղարշապատի քրեական հետախույզների ջանքերով մարտի 16-ին արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք։
Գործարանային համարով հրազենը բերվել էր Արցախից։ Ապօրինի նռնակների, նռնակի պայթուցիչների, ինքնաձիգի պահունակի և տարբեր տրամաչափի փամփուշտների հանձնման դեպքեր են արձանագրվել նաև Վաղարշապատի համայնքային ոստիկանների և հետաքննիչների բացատրական աշխատանքի շնորհիվ։ Գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգը, ինքնաձիգի պահունակներն ու փամփուշտները Կապանի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում բաժին էր բերել Կապան քաղաքի 36-ամյա մի բնակիչ։
Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի և Տարոնի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Բազումի բաժին հանձնել են անցած տարի Արցախից բերված «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի փամփշտատուփեր, լուսաձայնային փամփուշտ արձակող ատրճանակ, տարբեր տեսակի նռնակներ՝ պայթուցիչներով, և տարբեր տրամաչափի մի քանի տասնյակ փամփուշտ։ Տարոնի բաժնում «Կալաշնիկովի» ինքնաձիգ, պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ ու ինքնաձիգի փամփուշտներ են հանձնել։
Ջերմուկի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ևս «Կալաշնիկովի» ինքնաձիգ, պայթուցիչով նռնակ ու փամփուշտներ են հանձնել, որոնք բերվել էին Արցախից։ Պայթուցիչներով տարբեր տեսակի նռնակները, ինքնաձիգի պահունակներն ու տարբեր տրամաչափի փամփուշտներն էլ կամավոր հանձնել են ոստիկանության Վայքի բաժնում։ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի և Ախուրյանի բաժիններում ևս արձանագրվել են ապօրինի զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր. Կումայրիում պայթուցիչով նռնակ ու փամփուշտներ են հանձնել, իսկ Ախուրյանում՝ պայթուցիչով նռնակ, փամփուշտներ, ինքնաձիգի պահունակ։
Նռնակ, ինքնաձիգի փամփշտատուփ ու փամփուշտներ կամավոր հանձնել են ոստիկանության Թալինի բաժնում։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Նորքում բնակվող մի տղամարդ բաժանմունք էր բերել թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի փամփշտատուփեր ու 140-ից ավելի փամփուշտ, որոնք, ըստ նրա, պատկանել են հանգուցյալ հորը։
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։
Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։