Վրաստանում բուժքույրը մահացել է COVID-19-ի դեմ AstraZeneca-ով պատվաստումից հետո
Վրաստանում 27-ամյա բուժքույր Մեգի Բաքրաձեն, որը կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել, մահացել է համալսարանական առաջին կլինիկայում, հայտնում է «Մթավարին»:
Նովոստի-Գրուզիա գործակալությունը նշում է, որ COVID-19-ի պատվաստումից հետո առաջին ծանր բարդությունը գրանցվել է Վրաստանում մարտի 18-ին: Դեպքը տեղի է ունեցել երկրի հարավում գտնվող Ախալցխա քաղաքի «Իմեդի» կլինիկայում։
AstraZeneca ընկերության դեղամիջոցի ներարկումից մոտ կես ժամ անց 27-ամյա բուժքրոջ մոտ, ենթադրաբար, անաֆիլակտիկ շոկ է առաջացել: Նախօրեին երեկոյան նրան տեղափոխել են Թբիլիսի։
Բուժումը դրական արդյունք չի տվել։ Հիվանդը մնացել է ծանր վիճակում, մի քանի անգամ բժիշկները ստիպված են եղել վերականգնել սրտի աշխատանքը։
Վրաստանի Առողջապահության նախարարության կարգավորման գործակալությունը միջադեպի հետաքննություն է սկսել: Ստուգումներն անցկացվում են, այդ թվում՝ Ախալցխայի կլինիկայում։
Վրաստանում մարտի 15-ին սկսվել է COVID-19 պատվաստումը։ Այս փուլում պատվաստվել է ավելի քան 2,7 հազար բուժաշխատող։
Առողջապահության նախարարության որոշմամբ AstraZeneca դեղամիջոցը կշարունակեն օգտագործել կորոնավիրուսի դեմ բուժանձնակազմի պատվաստման համար՝ չնայած Ախալցխայում արձանագրված դեպքին:
Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով դեղամիջոցների եվրոպական գործակալության (EMA) եզրակացությունները։ Նախօրեին կարգավորիչն ավարտել է հետաքննությունը, որը սկսվել է դեղամիջոցով պատվաստված AstraZeneca-ի թրոմբների առաջացման մասին հաղորդագրությունների ֆոնին:
Եզրափակիչ զեկույցում ասվում էր, որ այս պատվաստանյութը անվտանգ է եւ արդյունավետ, եւ դրա օգտագործման առավելությունները գերազանցում են ռիսկերը: