ԵԱՏՄ երկրները մտադիր են զարգացնել համագործակցությունը ավիաշինությունում
Ավիաշինական ոլորտում կոոպերացիայի զարգացումը դիտարկվում է որպես Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում առաջնահերթություն: Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ԵԱՏՄ-ի համար հատկապես նշանակալի ուղղություն է ճանաչվել ավիաշինությունում կոոպերացիայի զարգացումը։ Արդյունքը կարող է դառնալ սեփական արտադրանքի ստեղծումը, որն ապագայում կարող է մրցակցել Եվրոպայի և ԱՄՆ-ի համաշխարհային արտադրողների հետ», - նշել է ԵՏՀ նախարարը.
ԵՏՀ Կոլեգիայի ներկայացուցչի խոսքով՝ ավիաշինությունում համատեղ նախագծերը կնպաստեն Սև և գունավոր մետաղների արտադրության ԵԱՏՄ հզորությունների բեռնմանը, պահանջված կլինի միկրոէլեկտրոնիկայի, սարքաշինության և հաստոցաշինության արտադրանքը: Ընդհանուր առմամբ, ասել է Քամալյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵԱՏՄ պետությունների հետ համատեղ «համակարգված աշխատանք է ծավալել առաջնային ոլորտներում՝ մեքենաշինության, էլեկտրական սարքավորումների արտադրության, ավտոմոբիլաշինության, մետալուրգիական արտադրության, թեթեւ արդյունաբերության ոլորտներում կոոպերացիոն կապերի զարգացման ուղղությամբ»:
Նախարարը տեղեկացրել է, որ ներկայումս նախապատրաստվում է ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների մակարդակով արդյունաբերական համագործակցության ռազմավարության մասին փաստաթղթի ընդունումը: «Գլխավոր խնդիրը, որի լուծմամբ մենք պետք է զբաղվենք, ԵԱՏՄ երկրների արդյունաբերական ձեռնարկությունների մրցունակության բարձրացումն է՝ արդյունաբերական գործողության շրջանակներում տեխնոլոգիական զարգացման նոր մակարդակի անցնելու, ինչպես նաև նորարարական զարգացման խթանման և արդյունաբերության թվային վերափոխման միջոցով», - նշել է ԵՏՀ նախարարը:
ԵՏՄ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։