Ալիևի այցերն Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության և ագրեսիվ պլանների մարմնավորումն են. ԱԳՆ
Արցախի ԱԳՆ-ն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության տևական կարգավորմանն ուղղված շարունակական ջանքերի նկատմամբ բացարձակ անհարգալից վերաբերմունքի ցուցաբերում է համարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա տիկնոջ՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղեկցությամբ կատարած այցն Արցախի Հանրապետության օկուպացված Հադրութի շրջան: Այս մասին ասված է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ.
«Օկուպացված տարածքներում գտնվելու ժամանակ նախագահ Ալիևն անձամբ հանձնարարել է իրեն ուղեկցող պաշտոնյաներին ջնջել միջնադարյան հայկական արձանագրություններն օկուպացված տարածքներում գտնվող եկեղեցիների և հուշարձանների պատերից: Նման պաշտոնական այցերն Ադրբեջանի հայատյաց ու ռազմատենչ, քաղաքականության, ինչպես նաև հետագա ագրեսիվ պլանների մարմնավորումն են:
Արցախի Հանրապետությունը բազմիցս տեղեկացրել է միջազգային հանրությանն Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող մշակութային ահաբեկչության, նրա ռազմական օկուպացիայի տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, ցեղասպանական ծավալապաշտական քաղաքականության կոպտագույն առաջմղման մասին:
Այդ ցեղասպան քաղաքականությունը հանցագործություն է մարդկության դեմ, միջազգային նորմերի, դաշնագրերի, բանաձևերի և համաձայնագրերի կոպիտ խախտում և սպառնալիք ողջ քաղաքակիրթ աշխարհի համար:
Կոչ ենք անում համապատասխան միջազգային կազմակերպություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու դատապարտելու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը և զգուշացնելով, որ անգործությունն ու անտարբերությունը կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ»: