24.11.2024
ԼՂՀ ՊՆ. Շփման գծում պահպանվել է համեմատաբար հանգիստ իրադրությունը
prev Նախորդ նորություն

«Մարդիկ ձգտում են չեզոքացնել ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված Արցախի տարածքային ամբողջականության դրույթը»

Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործխնախարար Արման Մելիքյանը շատ հետաքրքրական և ուշագրավ է որակում պաշտոնական Ստեփանակերտի և Դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի մեկնաբանությունները ապրիլյան ռազմագործողության ընթացքում կորսված տարածքների վերաբերյալ: Արման Մելիքյանը հիշեցնում է, որ ԼՂՀ նախագահի խոսնակն ասում է, որ ադրբեջանական կողմն իր վերահսկողության տակ է առել չեզոք (անվտանգության գոտում գտնվող հայկական մի շարք դիրքեր) տարածքներ, իսկ Արմեն Ռուստամյանն էլ ասում է, որ շփման գծի մասին է խոսքը, իսկ այդ գիծն անընդհատ փոխվել է ու դեռ կարող է փոխվել:

«Այն տպավորությունն է ստեղծվում, որ մարդիկ նպատակային կերպով ձգտում են փչացնել ու չեզոքացնել ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված Արցախի տարածքային ամբողջականության վերաբերյալ դրույթը: Իսկ, եթե չեմ սխալվում, Արցախի հիմնական օրենքի համաձայն, երկրի սահմանադրական տարածք է համարվում ԼՂՀ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող ողջ տարածքը՝ այսինքն ԼՂՀ իրական սահմանն անցնում է այն ռազմական դիրքերով ու խրամատներով, ուր կանգնած է եղել ԼՂՀ ՊԲ զինվորը: Ուստի բոլոր այն դեպքերում, երբ այդ զինվորը հակառակորդի հարձակման արդյունքում ստիպված է եղել նահանջել, նա ոչ թե ինչ-որ անտեր-չեզոք-անվտանգության գոտի է թողել հակառակորդին, այլ սեփական երկրի՝ Հայրենիքի տարածքը»,-նշում է Մելիքյանը:

Վերջինս մատնանշում է, որ ըստ Սերժ Սարգսյանի` հակառակորդն իր ռազմական ու, հետևաբար, նաև վարչական վերահոսկողությունն է սահմանել Արցախի մոտ 800 հեկտար տարածքի նկատմամբ, բայց ինքը «շատ մտերմաբար» կհորդորեր իր կողմից իրապես շատ հարգված պաշտոնատարներին ստեղծված իրավիճակը բնութագրող ճշգրիտ և համարժեք ձևակերպումներ օգտագործել.

«Պարոն Սերժ Սարգսյանն, այդ առումով, անհրաժեշտ նախապայմանները ստեղծել է իր՝ օդում տված հարցազրույցով»,- հավելել է Արման Մելիքյանը:

Նշենք, որ ԱԺ ճեպազրույցներում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր, անդրադառնալով ՀՀ նախագահի` 800 հա տարածքը կորցնելու մասին հայտարարությանն ասաց, որ շփման գծի մասին է խոսքը, իսկ այդ գիծն անընդհատ փոխվել է և դեռ կարող է փոխվել: Ռուստամյանը նաև հայտարարեց, որ Ադրբեջանը ոչ մի բնակավայր էլ չի կարողացել խլել Արցախից, իսկ պատերազմական գործողությունները կասեցվել են հենց Ադրբեջանի խնդրանքով, հենց Արդբեջանն է խնդրել, որ Մոսկվայում բանավոր համաձայնություն ձեռք բերվի կրակի դադարեցման վերաբերյալ.

«Խոսքը գնում է շփման գծի մասին, ֆիքսված փոփոխությունների մասին այսօր խոսելն անիմաստ է: Պատերազնը չի ավարտվել, վաղը կարող է շփման գծում տեղաշարժ լինել»,- ասաց դաշնակցական գործիչը: