VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ Նիկոլ Փաշինյանը Սամվել Բաբայանին համոզում է վերադառնալ Արցախ եւ դառնալ Արայիկ Հարությունյանի իշխանության այլընտրանքը, սակայն Արցախում վստահ են, որ Բաբայանն այլեւս չունի այդ շանսը, քանի որ անգամ իր կուսակցության շարքայիններն են նրանից հիասթափվել, քանզի Արցախում խոսում են այն մասին, որ 44-օրյա պատերազմի եւ պարտության մեջ Բաբայանն էլ իր դերակատարումն է ունեցել։ Հատկապես շատ է քննարկվում Փաշինյանի եւ նրա կնոջ հետ համատեղ ծրագրված ու տապալված արկածախնդիր օպերացիան, եւ Կամանդույուշչին այլեւս նախկին վարկանիշը չունի իր հայրենի հողում։ Անգամ Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» խորհրդարանական խմբակցությունը երկու մասի է բաժանվել՝ որոշ պատգամավորներ գտնվում են Արայիկ Հարությունյանի կառավարման ներքո, իսկ ոմանք էլ կամուրջներ ու համագործակցություն են հաստատում ԱԱԽ քարտուղար, Արայիկ Հարությունյանի մրցակից Վիտալի Բալասանյանի հետ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից հետո Դավիթ Տոնոյանին պաշտոնանկ անելու որոշումը հասունացել է դեռեւս պատերազմի կեսերին, բայց՝ բոլորովին այլ պատճառներով։ Մեզ պատմեցին, որ երբ հայկական կողմը հայտարարեց, որ խոցել է ադրբեջանական Գյանջայի օդանավակայանը, իսկ ավելի ուշ պարզվեց, որ բնակելի թաղամաս է թիրախավորվել, ու աղմուկ բարձրացավ, ռուսական ռազմական ղեկավարությունը վրդովվել է, որ, նախ, դա իրենց հետ չեն համաձայնեցրել, եւ երկրորդ՝ խաղաղ բնակչությանը խոցելը միջազգային հարթակներում դիտարկվել է որպես ագրեսորի քայլ, եւ ՌԴ իշխանությունները դադարեցրել են զենքի մատակարարումը։ Պատերազմի ամենաթեժ պահին զենքի մատակարարման դադարեցումը մեր ռազմավարական գործընկերոջ կողմից ծանր հարված է եղել, եւ միայն Դավիթ Տոնոյանի անձնական ջանքերի շնորհիվ են վերականգնվել այդ հարաբերությունները։ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել իր պաշտոնակից Շոյգուի հետ, եւ զենք-զինամթերքի մատակարարումը վերսկսվել է։ Սակայն այս միջադեպը Դավիթ Տոնոյանի համար դարձել է ճակատագրական, քանի որ այդ շրջանում ռուսական մամուլում հրապարակումներ եղան, որ եթե Փաշինյանը կատարի ՌԴ իշխանությունների պահանջը՝ հրաժարական տա եւ իշխանությունը փոխանցի Տոնոյանին, պատերազմը կդադարեցվի։ Այդ հրապարակումներից հետո Նիկոլ Փաշինյանը Դավիթ Տոնոյանին սկսել է դիտել որպես լուրջ մրցակից եւ թիմին հրահանգել է թիրախավորել նրան։ Նաեւ դա է պատճառը, որ պատերազմի ժամանակ Պնախարարն ընդհատակ էր իջել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լուր ստացանք, որ այսօր վերջապես տեղի կունենա արտահերթ ընտրությունների օրակարգով Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը, որից հետո կհայտարարվի Փաշինյանի հրաժարականի եւ արտահերթ ընտրությունների կոնկրետ օրվա մասին։ ԲՀԿ քարտուղար Արման Աբովյանն ասաց, որ ինքը նման տեղեկություն չունի․ «Առաջին անգամ Ձեզնից եմ լսում»։ Իսկ ԲՀԿ քաղխորհրդի նիստ այսօր կամ վաղը նշանակվա՞ծ է․ կրկին տեղեկություն չունի։ Իրականում առանձնապես հանդիպելու անհրաժեշտություն էլ չկա․ Փաշինյանը պետք է հայտարարի, որ հրաժարական է տալիս, իսկ Ծառուկյանը՝ որ վարչապետի թեկնածու չի առաջադրվելու, եւ ԱԺ-ն գնալու է լուծարման։ Խնդիրը ժամկետներին է վերաբերում՝ Փաշինյանը փորձում է համոզել ընդդիմությանը, որ ընտրություններն աշնանը անցկացնեն․ նոր Ընտրական օրենսգրքի ընդունումից միայն վեց ամիս հետո կարելի է ընտրություններ անել։ Եթե անեն ամռանը, ապա միայն՝ հին օրենսգրքով, ինչը նշանակում է անցողիկ բարձր շեմ՝ 5 տոկոս, եւ ռեյտինգային համակարգ։ Հին օրենսգրքի դեմ, ի դեպ, կատաղի պայքար են սկսել սորոսական կազմակերպությունները, որոնք երկու օր է՝ հայտարարություններ են անում։ Սակայն հին օրենսգրքին կողմ են ե՛ւ Ծառուկյանը, ե՛ւ ընդդիմությունը, ինչ-որ տեղ՝ նաեւ իշխանությունները»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը մարտի 9-ից շրջանառության մեջ է դրել «Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ անելու մասին» նախագիծը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս պահի դրությամբ իշխանությունները դեռեւս չունեն Վենետիկի հանձնաժողովի կարծիքը: Փաստորեն, իշխանական խմբակցությունը հերթական անգամ չի սպասել, որ մասնագիտական հանձնաժողովից եզրակացություն գա, հեղինակավոր այդ կառույցի կարծիքը համարում են միայն խորհրդատվական բնույթի եւ որոշել են այդպիսի լուրջ փոփոխություններ կատարել՝ առանց նրանց կարծիքին սպասելու: Սակայն գաղտնիք չէ, որ Վենետիկի հանձնաժողովը դեմ է արտահայտվում արտահերթ ընտրությունների շուտ անցկացմանը Ընտրական օրենսգիրք կամ Սահմանադրություն փոխելուց հետո, եւ առաջարկում են գոնե սպասել վեց ամիս: Եվ թերեւս սա է պատճառը, որ այս անգամ իշխանությունները որոշել են անգամ չսպասել եզրակացությանը եւ փաթեթը դնել շրջանառության մեջ ու խորհրդարանում քննարկել հարցը առանց դրա: Սակայն նկատենք, որ առաջարկվող փոփոխություններն էական են. պետք է փոխվի ընտրակարգը, կուսակցությունների եւ դաշինքների համար անցողիկ շեմը, ընտրագրավը եւ այլն: Հավելենք, որ նախագիծը մշակվել է հենց «Իմ քայլը» խմբակցության կողմից»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԳՆ-ում լարված իրավիճակ է, բունտ է հասունանում՝ կապված դեսպանների նշանակումների հետ: Այս պահին կռվախնձորը Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի պաշտոնն է, որին հավակնում էին մի քանի բարձրաստիճան դիվանագետներ: Ըստ ԱԳՆ աղբյուրների, ամենահավանական թեկնածուն Վարուժան Ներսիսյանն է, ում հետ են կանչելու Վաշինգտոնից՝ Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում դեսպան նշանակելու համար: Դիվանագետները դեմ են, որ Ներսիսյանը նշանակվի, ասում են, որ դրանով խախտվում է դեսպանների ռոտացիայի սկզբունքը, եւ մեղադրում են Մակունցին, որն ԱԳՆ-ում ամեն ինչ խառնել է իրար: Սակայն մի բան դրական է, որ Մեծ Բրիտանիայում դեսպան Արման Կիրակոսյանի մահվանից հետո, շուրջ 2,5 տարի, դեսպան չնշանակելու արգելքը վերացված է։ Այն պայմանավորված էր նրանով, որ Արմեն Սարգսյանը թույլ չէր տալիս Լոնդոնում դեսպան նշանակել, եւ Զոհրաբ Մնացականյանը հնազանդորեն կատարում էր նրա պահանջը։ Արա Այվազյանի գալով՝ «հարուստ տուրիստի» քմահաճույքից ձերբազատվելու հնարավորություն է ստեղծվել»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, ստեղծում է հասարակական կազմակերպություն, որը կոչվելու է «5-րդ բրիգադ»: 5-րդ բրիգադը Մանվել Գրիգորյանի գլխավորած զորամիավորումն էր, որը 90-ականներին մասնակցել է Արցախյան ազատամարտին: Գրիգորյանի կինը նպատակ ունի իր ստեղծած կազմակերպության մեջ միավորել նախկին ազատամարտիկների, ովքեր տարբեր պատճառներով ընդգրկված չեն ազատամարտիկներին միավորող ՀԿ-ներում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը երեկ ուշագրավ փաստաթուղթ հրապարակեց Հայաստանի եւ Ինտերպոլի միջազգային քրեական ոստիկանության համագործակցության խայտառակ դրվագի մասին, ինչին ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազությունը օրվա վերջում պարզաբանում տարածեց: Այդ պարզաբանման շուրջ պատգամավոր Թագուհի Թովմասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տվեց իր մեկնաբանությունները: «Ամենեւին հարկ չհամարելով անդրադառնալ ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական պատասխանի լիրիկական զեղումներին՝ անհրաժեշտություն եմ համարում անդրադառնալ դատախազության հրապարակած մասնագիտական պնդումներին, որոնք անկասկած հիմնազուրկ են: Այսպես, դատախազությունը մեզ «պարզաբանում է», որ միջազգային քրեական ոստիկանության կազմակերպությունը՝ Ինտերպոլը, քրեական արդարադատության ոլորտի պատասխանատու կառույց չէ: Ըստ դատախազության՝ Ինտերպոլը գործի հանգամանքներ, փաստական տվյալներ չի ուսումնասիրում, մեղադրանքի հիմնավորվածության կամ իրավաչափության վերաբերյալ գնահատականներ տալու ոչ միայն իրավասություն չունի, այլեւ չի ստուգում մանրամասները։ Այս դեպքում հարց է առաջանում՝ ինչպես է որոշում կայացնում Ինտերպոլը, ինչի հիման վրա, եթե ոչ փաստական տվյալների: Հատուկ դատախազության եւ մեր լայն հանրության համար պարզաբանում եմ, որ Ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածը սահմանում է. «Կազմակերպությանը խստիվ արգելվում է ձեռնարկել քաղաքական, ռազմական, կրոնական կամ ռասայական բնույթի որեւէ միջամտություն կամ գործողություն»: Այս հոդվածի հիմնական նպատակը, համաձայն Ինտերպոլի պաշտոնական պարզաբանումների, հետեւյալն է` ա) Ինտերպոլի՝ որպես միջազգային կազմակերպության անկախության եւ չեզոքության ապահովում, բ) հանձման մասին միջազգային նորմերին համահունչ լինելը, գ) անձանց պաշտպանությունը ապօրինի քրեական հետապնդումներից։
Ինտերպոլի կանոնադրության 36-րդ հոդվածի համաձայն՝ Փաստաթղթերի վերահսկման հանձնաժողովն է, որ պատասխանատվություն է կրում այն բանի համար, որ կազմակերպության կողմից անձին վերաբերող փաստաթղթերի շրջանառությունը համապատասխանի կանոնադրության 3-րդ հոդվածի պահանջներին: Իսկ երբ ծանոթանում ենք այդ մասնագիտական հանձնաժողովի կանոնակարգի 34-րդ հոդվածին, այն հստակ սահմանում է, որ նախքան որեւէ անձնական տվյալ շրջանառության մեջ դնելը հանձնաժողովը պարտավոր է հոգ տանել, որ այդ տվյալների շրջանառությունը համապատասխանի Ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածի պահանջներին: Իսկ հանձնաժողովի կանոնադրության 34-րդ հոդվածի 3-րդ մասը հստակ սահմանում է՝ որպեսզի հանձնաժողովը կարողանա համոզվել, որ անձի տվյալների շրջանառումը Ինտերպոլի խողովակներով չի խախտում Կոնվենցիայի 3-րդ հոդվածը, բոլոր վերաբերելի էլեմենտները պետք է ուսումնասիրվեն, եւ դրանցից առաջինը պետք է ուսումնասիրվի հանցանքի բնույթը, այն է՝ ներկայացված մեղադրանքը եւ դրա հիմքում դրված փաստերը»,- պարզաբանեց անկախ պատգամավորը: Ահա Ինտերպոլի կանոնադրությունը, գործառույթները եւ առաջադրված մեղադրանքներին հիմնավորվածությունը կասկածի տակ դնելու իրավական ուղիները: Ստացվում է՝ դատախազությունը հաստատեց պատգամավորին, բայց այլ ձեւակերպմամբ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գրեթե բոլոր նախաքննական մարմինները մատնվել են անգործության: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փաստաբանները չեն պատրաստվում լռել, եւ չի բացառվում, որ առաջիկայում բարձրաձայնեն, թե որ քրեական գործով ինչ գործընթացներ են տեղի ունենում, կամ ինչ անգործություն է դրսեւորվում: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ բոլոր այն քրեական գործերը, որոնք վերաբերում են նախկին եւ ներկա պաշտոնյաներին եւ աղմկահարույց են համարվում, դոփում են տեղում, եւ արդեն երկար ամիսներ է, ինչ որեւէ քննչական գործողություն չի իրականացվում: Դրա հետ մեկտեղ մենք տեղեկացանք, որ ողջամիտ ժամկետների խնդիր կա, սակայն, միեւնույնն է, քննիչները ոչինչ չեն անում եւ ջանասիրաբար աշխատում են միայն այն դեպքերում, երբ կա կալանավորված անձ, իսկ մյուս գործերը դոփում են տեղում: Իսկ թե ինչով է պայմանավորված, որ նախաքննական մարմինները մատնված են անգործության, եւ քրեական գործերը տեղից չեն շարժվում, չենք կարող ասել, սակայն այս ամենի արդյունքում ոտնահարվում են կասկածյալ հանդիսացող քաղաքացիների իրավունքները, եւ նրանց ճակատագիրը մնացել է օդում կախված»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի տնտեսությունը շարունակում է անկում ապրել, համենայնդեպս այդ մասին վկայում են պաշտոնական թվերը: 2019-2021թթ. ՀՀ տնտեսությունը բնութագրող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների մասին հրապարակումից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, օրինակ, տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021թ. հունվարին, 2020թ. նույն ժամանակաշրջանի համեմատ, կազմել է 92.5%, այնինչ 2020թ. հունվարին, 2019թ. նույն ժամանակաշրջանի համեմատ, 109.2 տոկոս էր կազմում: Մեկ այլ ցուցանիշ. առեւտրի շրջանառությունը 2021թ. հուվարին կազմել է 186,933.0 մլն դրամ, ինչը 2020 եւ 2019 թվականների նույն ժամանակաշրջանների համեմատությամբ պակաս է համապատասխանաբար 20,396.2 եւ 868.6 մլն դրամով: Աշխատանք փնտրողների թիվը 2021թ. հունվարի դրությամբ կազմել է 88929 մարդ, ինչը 3543 մարդով կամ 4.1%-ով ավել է 2020թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից եւ 7015 մարդով կամ 8.6%-ով ավել է 2019թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: Պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը 2021թ. հունվարի դրությամբ կազմել է 61757 մարդ, ինչը 247 մարդով կամ 0.4%-ով պակաս է 2020թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից եւ 2874 մարդով կամ 4.4%-ով պակաս է 2019թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: Այսինքն՝ այս իշխանությունների ձախողումը տարեցտարի արտացոլվում է նաեւ պաշտոնական վիճակագրությամբ»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հիմա շատ է խոսվում այն մասին, որ կրճատվում են բյուջեից կրթության կամ այլ ոլորտների պետական հատկացումները: Սակայն պետք է հասկանալ, որ պատերազմի ընթացքում զոհված և հաշմանդամություն ստացած անձանց և նրանց ընտանիքներին միանվագ ու ամսական հատկացումները 2021թ․ բյուջեի վրա նստելու են մոտավոր հաշվարկով 150 միլիարդ դրամ, բայց թե որտեղից պետք է կատարվի այդ ծախսերի ֆինանսավորումը, որևէ մեկը չի ասում»: