25.11.2024
Բուք, մառախուղ. Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
prev Նախորդ նորություն

Գործ ունենք սոսկալի խայտառակության հետ. Առաքելյանը՝ Երևանի բյուջեի կատարողականի մասին

2020 թվականի Երևանի բյուջեի կատարողականն ուղղակի սենսացիոն է՝ ոչ միայն մայրաքաղաքի, այլև Հայաստանի երեք խոշոր քաղաքների պատմության և կենսագրության մեջ այսպիսի դեպք երբեք չի արձանագրվել, որ բյուջեի կատարողականը ներկայացվի 60 տոկոսով: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու "Բարգավաճ Հայաստան" խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը:


Նրա խոսքով՝ սա ուղղակի Հայկ Մարությանի, քաղաքային և կենտրոնական իշխանության անգործության հերթական ապացույցն է.


"Սա նաև կենտրոնական իշխանության բացահայտ վերաբերմունքն է աշխատանքին, երկրին, պետությանը, այս դեպքում՝ երկրի մայրաքաղաքին: Գործ ունենք սոսկալի խայտառակության հետ և այսօր ես այս ամենի մասին նաև մանրամասն ելույթի տեսքով կխոսեմ",- ասաց ավագանու անդամը:


Նա այն կարծիքին է, որ բյուջեի 60 տոկոսի կատարողականի դեպքում ավագանին դրան ուղղակի պետք է դեմ քվեարկի, իսկ այդ դեպքում քաղաքապետը պետք է հրաժարական տա: Սակայն, նշեց նա, շատ լավ գիտենք, որ այս իշխանությունը "իր ցինիզմով, իր անգործությամբ ու դավաճանական գործողություններով վերին աստիճանի անպատասխանատվություն է ցուցաբերում բոլոր գործընթացներին".


"Եվ այսօր կտեսնենք դրա հերթական դրսևորումը",-շեշտեց նա:


Իսկ թե ինչպիսի բացթողումներ են տեղի ունեցել Երևանի 2020 թվականի բյուջեում, որ ծրագրերը չեն իրականացել՝ ընդդիմադիր խմբակցության անդամը խոստացավ ներկայացնել ավագանու այսօրվա նիստում: Բայց և վստահություն հայտնեց, որ քաղաքային իշխանության պատասխանը այդ ամենին մեկն է լինելու՝ երկրում կորոնվիրուս էր, ապա պատերազմ էր.


"Սակայն այս երկու հանգամանքներն էլ քաղաքային իշխանության աշխատանքների հետ որևէ աղերս չունեն: Իհարկե, կարող են մասնակի ազդեցություն ունենալ, բայց ոչ այսպիսի ահռելի տոկոսային տարբերությամբ: Իսկ այն, ինչ ունենք այսօր, ոչ այլ ինչ է, քան խայտառակություն և իրենց պարզաբանումներին ես ունեմ հստակ պատասխաններ, որոնք էլ այսօր կներկայացնեմ իրենց",- հավելեց Հռիփսիմե Առաքելյանը:


Նշենք, որ Երևանի ավագանու նիստը կմեկնարկի ժամը 11,00-ին:


VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին Երևանի բյուջեի կատարողականի աղմկահարույց ցուցանիշի մասին բարձրաձայնել էր նաև ավագանու "Լույս" խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Նա նշել էր, որ 2020թ․ նախատեսված ծախսերի կատարողականը կազմել է 63.5% և հիշեցրել, որ ըստ Բյուջետային համակարգի մասին ՀՀ օրենքի՝ համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը չհաստատվելու դեպքում համայնքի ղեկավարը դնում է հրաժարական տալու միջոցով իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը: