25.11.2024
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և ընկել ջրատարը. 2 տղամարդ է ջրահեղձ եղել
prev Նախորդ նորություն

Երևանի բյուջեն կատարվել է 63.5%-ով. քաղաքապետը պետք է դնի իր հրաժարականի հարցը. Խաժակյան

Եթե վաղը Երևանի ավագանին չհաստատի բյուջեի կատարման հաշվետվությունը, ապա քաղաքապետը օրենքի ուժով պետք է դնի իր հրաժարականի մասին հարցը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի ավագանու "Լույս" խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:


"Մարտի 16-ին Երևանի ավագանին քննարկելու է 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, որը ցույց է տալիս թե նախատեսված գումարի ո՞ր մասն է հավաքագրվել և հավաքվածի ո՞ր մասն է ծախսվել։

Առավել մանրամասն այս մասին կխոսեմ վաղը, սակայն մեկ թիվ պետք է ներկայացնեմ: 2020թ․ նախատեսված ծախսերի 36.5%-ը չի կատարվել, այն է, կատարողականը կազմել է 63.5%:

Սրանից վատ ցուցանիշ Երևանը չի արձանագրել երբևէ: Համեմատության համար ուսումնասիրեցի Վանաձորի և Գյումրու ծախսային կատարողականները և ցավով պետք է նշեմ, որ մայրաքաղաքի ցուցանիշները անգամ մոտ չեն հանրապետության երկրորդ և երրորդ քաղաքաների ցուցանիշներին։

Ըստ Բյուջետային համակարգի մասին ՀՀ օրենքի՝ համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը չհաստատվելու դեպքում համայնքի ղեկավարը դնում է հրաժարական տալու միջոցով իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը:

Եթե Երևանի ավագանին դակող մարմին չէ և պատասխանատվության նշույլ ունի համայնքի նկատմամբ, ապա վաղը պետք է մերժի կատարման հաշվետվությունը դրանից բխող բոլոր հետևանքներով",- գրել է նա։