25.11.2024
Երևանի բյուջեն կատարվել է 63.5%-ով. քաղաքապետը պետք է դնի իր հրաժարականի հարցը. Խաժակյան
prev Նախորդ նորություն

Փաստաբանների պակլատն իր զորակցությունն է հայտնում ՄԻՊ Արման Թաթոյանին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին պետական բյուջեից հատկացվող միջոցների վերաբերյալ կարգավորումները փոփոխության ենթարկելու ՀՀ կառավարության նախաձեռնությունն առաջ է բերում խորը մտահոգություն: Այս մասին ասված է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ  Արա Զոհրաբյանի հայտարարության մեջ:


"Այդ կարգավորումները Մարդու իրավունքների պաշտպանի անկախ և արդյունավետ գործունեության կարևոր երաշխիք են: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հատկացվող միջոցների չափն առանց որևէ սահմանափակման պետական այլ մարմինների հայեցողությամբ պայմանավորելը վտանգում է այդ երաշխիքները:


Հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գործառութային առանձնահատկությունները և առանձնակի դերն անձանց իրավունքների պաշտպանության գործում՝ առաջարկվող փոփոխությունները հղի են ՄԻՊ-ի՝ որպես սահմանադրական մարմնի, և ՄԻՊ աշխատակազմի բնականոն աշխատանքի խաթարմանը, ինչը կարող է, որպես հետևանք հանգեցնել երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վատթարացմանը:


Հատկապես մտահոգիչ են փոփոխությունների նախաձեռնումը խտրական վերաբերմունքի հիմքով, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի՝ պետական մարմինների համար անբարեհաճ գործունեությամբ պայմանավորված լինելու մասին տեղեկությունները:


Ի թիվս այլոց, բարձր գնահատականի է արժանի Մարդու իրավունքների պաշտպանի հետևողական գործունեությունը միջազգային հարթակներում՝ քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցերը բարձրաձայնելու և առաջ մղելու հարցում, ինչն առավել կարևոր նշանակություն ստացավ 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ողջ ընթացքում և դրանից հետո:


Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության միջամտությունը կամ դրա համար անհամաչափ սահմանափակումներ ստեղծելը կարող է բացասական անդրադառնալ ինչպես երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վրա, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը միջազգային հարթակներում, այնպես էլ՝ Հայաստանի Հանրապետության վարկին արտաքին աշխարհում:


Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հայտնում է իր զորակցությունը Մարդու իրավունքների պաշտպանին և առաջարկում է ՀՀ գործադիր իշխանությանը՝ առկա մտահոգությունների հաշվառմամբ վերանայել ՄԻՊ վերաբերյալ բացասական դիրքորոշումը (վերաբերմունքը) և չեղարկել քննադատության առարկա օրենսդրական նախաձեռնությունը",- ասված է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի հայտարարության մեջ:


VERELQ-ը հիշեցնում է, որ մարտի 11-ին կառավարության նիստին ընդունված որոշմամբ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը։ Գործող օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր տարի Պաշտպանի հաստատության համար պետբյուջեով ֆինանսավորման չափը չի կարող լինել պակաս, քան նախորդ տարի պետական բյուջեով նախատեսված հատկացման չափն է: Կառավարության առաջարկած փոփոխությամբ ստացվում է, որ հաջորդ տարվա բյուջեն կարող է կրճատվել՝ ցանկացած հիմնավորմամբ, ցանկացած անձի կամայականության արդյունքում և ցանկացած չափով:


ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարել է, որ այս կերպ մախատեսվում է վերացնել ՄԻՊ անկախությունը կառավարությունից և ԱԺ կառավարող խմբակցությունից: Նա նաև կդիմի Սահմանադրական դատարան: Նա նաև ասել է, որ կդիմի Սահմանադրական դատարան, եթե Ազգային ժողովն ընդունի կառավարության մշակած օրինագիծը: