23.11.2024
Կապանում որևէ դիրք Ադրբեջանին հանձնելու մասին խոսք չի կարող լինել. փոխնախարարը հերքում է
prev Նախորդ նորություն

Վրաստանում ՀՀ երեք քաղաքացի տարիներ շարունակ թրաֆիքինգի են ենթարկվել

Վրաստանում ՀՀ երեք քաղաքացի տարիներ շարունակ թրաֆիքինգի են ենթարկվել: Մեղադրյալները՝ հայր ու որդի` 1960 թվականին ծնված Բ. Ծ-ն և 1994 թվականին ծնված Մ.Ծ.-ն, ձերբակալվել են:


Վրաստանի ոստիկանության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ երկրի ՆԳՆ սահմանապահ ոստիկանության աշխատակիցները Սամցխե-Ջավախեթիի շրջանի դատախազության աշխատակիցների հետ համատեղ իրականացված քննչական և օպերատիվ միջոցառումների արդյունքում Նինոծմինդայի մունիցիպալիտետում մարդկանց թրաֆիքինգի փաստ են բացահայտել:  


Պարզվել է, որ ամբաստանյալները 2015-2016 թթ-ին ՀՀ 3 քաղաքացու խոստացել են աշխատանքային լավ պայմաններ, օգնել են հավաքել անհրաժեշտ փաստաթղթերը և իրենց մեքենաներով բերել Վրաստան: Հանցագործները նշված մարդկանց բերել են Նինոծմինդայի գյուղերից մեկի մոտակայքում գտնվող անասնապահական ֆերմա, որտեղ վերցրել են փաստաթղթերը և նրանց սպառնալով ստիպել աշխատել տարիներ շարունակ առանց վարձատրության:


Բացի այդ, մեղադրյալները սահմանափակել են այս անձանց տեղաշարժը` նրանց հետևելով ինչպես անձամբ, այնպես էլ տեսախցիկների միջոցով` տանը և հարակից տարածքում: Հանցագործությունը իրավապահներին հայտնի է դարձել այն ժամանակ, երբ ՀՀ քաղաքացիներից մեկը կարողացել է փախչել ֆերմայից և փորձել ապօրինի հատել Վրաստանի պետական սահմանը ՀՀ ուղղությամբ, այդ ժամանակ նրան կանգնեցրել է սահմանապահ ոստիկանությունը:


Վրաստանում այս հանցագործությունը նախատեսում է առավելագույն պատժաչափ`12-ից 15 տարի ազատազրկում: