22.11.2024
Բրիտանական «HALO Trust»-ը թուրքերին է փոխանցել Արցախի ականապատված տարածքների քարտեզը
prev Նախորդ նորություն

«Իմ քայլը» խմբակցությունը պատրաստակամ է մասնակցելու նախագահի նախաձեռնած հանդիպմանը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստակամ է մասնակցելու նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնած հանդիպմանը՝ երկրում ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ քննարկման և լուծումներ գտնելու համար: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:


«Այսօր նախագահի աշխատակազմին տեղեկացրել եմ, որ ընդունում ենք նախագահի հրավերը և պատրաստակամ ենք մասնակցել նախագահի նախաձեռնած հանդիպմանը»,- ասել է Մակունցը:


Արմեն Սարգսյանը վարչապետին, «Հայրենիքի փրկության շարժման» և ԱԺ խմբակցությունների ղեկավարներին հանդիպման է հրավիրել՝ «առկա իրավիճակը քննարկելու և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով»։


Ավելի վաղ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էր հայտարարել, որ ընդունում են նախագահ Արմեն Սարգսյանի հրավերը և պատրաստ են մասնակցել ցանկացած քննարկման։


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 10-ին տարածած հայտարարությամբ երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի քննարկման և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով ՀՀ վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին մարտի 13-ին, ժամը 12:00-ին հրավիրել է հանդիպման նախագահական նստավայրում:


ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն արդեն արձագանքել է նախագահի հրավերին: Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել է, որ ընդունում են հրավերն ու պատրաստ են մասնակցել ցանկացած քննարկման, որտեղ հնարավոր կլինի վերականգնել քաղաքացիական համերաշխությունն ու ուղիներ գտնել երկիրը խորը ճգնաժամից հանելու համար: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպման հրավերի վերաբերյալ որոշում դեռ չի կայացրել:


«Հայրենիքի փրկության շարժման» անդամ Իշխան Սաղաթելյանն «Արմենպրես»-ին հայտնել էր, որ հանդիպման հրավերի մասին քննարկում դեռ չեն ունեցել, կքննարկեն, որից հետո, եթե հարկ համարեն, հանդես կգան հայտարարությամբ: