Ազգային ժողովը միաձայն ըննդունել է «Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ռազմագերիների եւ պահվող քաղաքացիական անձանց, այդ թվում ՝ կանանց վերադարձը խոչընդոտող եւ անհիմն ձգձգող Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու մասին» հայտարարությունը:
ԱԺ որոշման վերոնշյալ նախագիծը ներկայացրել են անկախ պատգամավորներ, ոչ վաղ անցյալում «Իմ քայլը» իշխող դաշինքի անդամներ Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանը եւ Վարդան Աթաբեկյանը: Հիմնավորման մեջ պատգամավորները նշել են, որ Ադրբեջանը որդեգրել է բոլոր գերիների վերադարձի գործընթացի արհեստական ձգձգման քաղաքականություն: Ավելին՝ ադրբեջանական կողմը նախաձեռնում է գերիների նկատմամբ քրեական հետապնդման քայլեր՝ նրանց համարելով ահաբեկիչներ։ Ադրբեջանական կողմի գործողությունները հանգեցնում են միջազգային կոնվենցիաներով նախատեսված մարդասիրական գործընթացների կոպիտ խախտման, վստահ են պատգամավորները: Դիմումին կողմ է քվեարկել 120 պատգամավոր։
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն արձանագրում է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից, Թուրքիայի ուղղակի աջակցությամբ եւ ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ Արցախի դեմ սանձազերծված եւ 44 օր տեւած ագրեսիայի ավարտից հետո անցել է շուրջ երեք ամիս, սակայն Ադրբեջանում գերության մեջ են գտնվում զինվորականներ եւ քաղաքացիական անձինք, այդ թվում՝ կանայք, որոնց անհապաղ հայրենադարձումը ռազմական գործողությունների ավարտից հետո միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված հրամայական պահանջ է:
Այդուհանդերձ, Ադրբեջանը, կոպտորեն ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքով ողջ միջազգային հանրության հանդեպ ստանձնած պարտավորություններ, խախտելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կիրառված միջանկյալ միջոցների պահանջները՝ թաքցնում է իր վերահսկողության ներքո գտնվող հայ ռազմագերիների եւ ներկալված քաղաքացիական անձանց իրական թիվը եւ անթույլատրելի կերպով ձգձգում է նշված անձանց, այդ թվում՝ կանանց անհապաղ հայրենադարձման մարդասիրական գործընթացը, փաստացիորեն վերածելով վերջիններիս պատանդների՝ զրկված դատական պաշտպանության որեւէ արդյունավետ միջոցից:
«Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949 թ. օգոստոսի 12-ի Ժնեւի կոնվենցիայի 118-րդ հոդվածի համաձայն՝ «Ռազմագերիներն ազատվում եւ հայրենադարձվում են անմիջապես ակտիվ ռազմական գործողությունները դադարեցվելուց հետո»: «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» 1949 թ. օգոստոսի 12-ի Ժնեւի կոնվենցիայի հոդված 113-ի 1-ին մասը սահմանում է նաեւ, որ «Ներկալումը պետք է դադարի որքան հնարավոր է շուտ՝ ռազմական գործողություների ավարտից հետո»:
«Բռնությամբ անհետացած անձանց պաշտպանության մասին» 2007թ. փետրվարի 6-ի միջազգային կոնվենցիան սահմանում է, որ Ոչ ոք չպետք է ենթարկվի բռնությամբ անհետացման, նույնիսկ պատերազմական իրավիճակում: Գերիների առկայության փաստի ժխտումը կամ անհետացած անձի ճակատագրի կամ գտնվելու վայրի մասին տեղեկությունները թաքցնելը համարվում է միջազգային հանցագործություն:
Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետում ամրագրված է, որ «Տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում» Հայկական կողմերը ամբողջությամբ իրականացրել են միջազգային մարդասիրական իրավունքից բխող իրենց պարտավորությունները մինչդեռ, Ադրբեջանը հետեւողականորեն հրաժարվում է հայրենադարձել իր մոտ ապօրինաբար պահվող բոլոր ռազմագերիներին, պատանդներին եւ պահվող այլ անձանց: Ավելին, Ադրբեջանը, շինծու քրեական հետապնդման ապօրինի գործընթաց նախաձեռնելով, փորձում է զրկել իր վերահսկողության ներքո գտնվող հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց Ժնեւի կոնվենցիաներով սահմանված կարգավիճակից՝ չտրամադրելով վերջիններիս նշված կոնվենցիաներով նախատեսված իրավունքները, արտոնությունները եւ այլ երաշխիքները:
ՀՀ Ազգային ժողովը դատապարտում է Ադրբեջանում հայատյացության ու կազմակերպված թշնամանքի քաղաքականության պայմաններում Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց հայրենադարձմանը խոչընդոտելը եւ արձանագրում, որ գերիներին չվերադարձնելու Ադրբեջանի այս բացարձակ անթույլատրելի վարքագիծը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի անկյունաքարային դրույթները, կոպտորեն ոտնահարում է Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները՝ խաթարելով ժամանակակից միջազգային հարաբերությունների բուն էությունը եւ վտանգելով մարդու իրավունքների պաշտպանության միջազգային եւ տարածաշրջանային համակարգերի նկատմամբ վերաբերմունքը:
Ելնելով վերը նշվածից, ՀՀ Ազգային ժողովը կոչ է անում բոլոր միջազգային կառույցներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, ողջ միջազգային հանրությանը եւ միջազգային եւ տարածաշրջանային իրավապաշտպան կազմակերպություններին խիստ գնահատականի եւ դատապարտման արժանացնել Ադրբեջանի վերը նշված վարքագիծը»: