Հայաստանի իշխանություններն ի վիճակի չեն ապահովել երկրի անվտանգությունը. ԲՀԿ
Այսօրվա իրողությունները ցույց են տալիս, որ Հայաստանի իշխանություններն ի վիճակի չեն ապահովել երկրի անվտանգությունը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 18-ին, լրագրողներին ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը՝ մեկնաբանելով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի՝ Սյունիքի մարզում ադրբեջանական կողմի կրակոցների մասին հաղորդագրությունը։
Նրա խոսքով՝ GPS համակարգի միջոցով սահմանի գծումը գործող իշխանության թուլության արդյունք է։ Վարվող քաղաքականության արդյունքում հանկարծ պարզվեց, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի մի մասը պատկանում է Ադրբեջանին, նշեց պատգամավորը՝ հավելելով, որ ճանապարհը գոյություն ունի խորհրդային ժամանակներից, և նախկինում երբեք Ադրբեջանը որևէ պահանջ չի ներկայացրել։ Որոշակի վեճեր են ծագել նաեւ խորհրդային տարիներին, սակայն դրանք վերաբերել են Սոտքի հանքավայրին, նշել է Մելքումյանը՝ հավելելով, որ այն ժամանակ Հայաստանը հսկայական գումար է վճարել հանքի վարձակալության համար։
Նա կրկին ընդգծել է, որ Շուռնուխի ադրբեջանական կողմին հանձնված 12 տները Խորհրդային Հայաստանի մի մասն են եղել: Այն ժամանակ տարածքների փոխանակում է տեղի ունեցել, ադրբեջանական կողմին են փոխանցվել Մազրիդուզ կոչվող տեղանքում ավելի հեռավոր անտառային տարածքներ։ Մելքումյանը ցավով նշեց, որ հայկական կողմը չի կարողացել պաշտպանել իր շահերը: «Եթե այսպես շարունակվի նրանք (ադրբեջանցիները - խմբ.)կարող են առաջ անցնել մեր տարածքում», - հայտարարել է նա՝ հարցնելով, թե որքան է մնացել Հայաստանի 29.8 հազար կմ-ից։