Նախագահն առաջիկայում կհրավիրի «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ
Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ:
Հանդիպմանը քննարկվել են հիմնադրամի կողմից իրականացվող և առաջիկա ծրագրերը, այդ թվում՝ Արցախում հումանիտար օժանդակության նախագծերը:
Նախագահ Սարգսյանը կարևորել է աշխարհասփյուռ հայության հանգանակած և «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերած միջոցների արդյունավետ, պատասխանատու և նպատակային ծախսումը, ծրագրերի իրականացման ընթացակարգերի և ժամկետների խստագույնս պահպանումը, հիմնադրամի գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, կառույցի հանդեպ վստահությունը:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ առաջիկայում նախատեսում է հրավիրել հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ՝ Հիմնադրամի կառավարման և գործունեության հետ կապված խնդիրները քննարկելու և լուծումներ գտնելու նպատակով:
VERELQ-ը հիշեցնում է, որ 2020 թվականի դեկտեմբերի 7-ին նախագահը պաշտոնական նամակով դիմել էր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ պահանջելով հաշվետվություն, թե ինչի վրա է ծախսվել «Հայաստան» հիմնադրամից գումարը: Մինչ դա հայտնի էր դարձել, որ պատերազմի ծանր օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակած ֆինանսական միջոցների զգալի մասը՝ 52,703,113,395 ՀՀ դրամ, Հայաստանի Հանրապետության կառավարության խնդրանքով, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, նվիրատվության ձևով փոխանցվել է ՀՀ կառավարության առանձնացված գանձապետական հաշվեհամարին՝ ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով:
Նախագահ Սարգսյանը նշել էր, որ այն կարծիքին է, որ կառավարությանը փոխանցված գումարը պետք է ձևակերպվեր որպես պարտք՝ փոխառության ձևով: Սակայն ստեղծված բարդ իրավիճակում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների մեծամասնությունն այլ որոշում է ընդունել: