Գյումրին կառուցելու ենք նորովի. Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել
Պետք է ուրախությամբ արձանագրել, որ Գյումրիի՝ նորովի կառուցելու գործընթացը, ըստ էության, արդեն սկսվել էր եւ շարունակվում է։ Այդ մասին Շիրակի մարզպետարանում այսօր՝ փետրվարի 17-ին, տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքվ, շատ կարեւոր է, որպեսզի Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները սինխրոն գործեն՝ ապահովելու համար հետպատերազմական սոցիալ-հոգեբանական եւ տնտեսական վերականգնման գործընթացը։ «Մենք իհարկե 2019 թվականին բավականին տեսանելի եւ շոշափելի տեղաշարժ տեսանք Շիրակի մարզում։ Հետագայում կորոնավիրուսի համավարակը եւ պատերազմը որոշակիորեն փոխեց իրավիճակը»,- նշեց Փաշինյանը
Նրա խոսքով՝ հիմա պետք է ապահովել այն ծրագրերի իրագործումը, որոնք ունեցել են նախկինում. «Դրանք ոչ միայն պատշաճ ձեւով իրականացվեն, այլեւ կարողանանք նոր ծրագրեր ձեւակերպել, նոր խթաններ ստեղծել եւ կարողանալ փոխել ընդհանուր իրավիճակը, ընդհանուր տրամադրությունը։ Հայաստանի Հանրապետությունը, Շիրակի մարզը, Գյումրին բերել մի այնպիսի իրավիճակի, որն առնվազն կբավարարի բոլորիս։
Ճանապարհին ես անընդհատ հիշում էի մեր այդ կարգախոսը՝ կառուցենք Հայաստանը նորովի, հիմա այդ կարգախոսը, որը որդեգրել էինք, հիմա առավել արդիական է հնչում՝ բառիս բուն եւ փոխաբերական իմաստով։ Մենք պետք է կառուցենք նորովի։ Պետք է ուրախությամբ արձանագրել, որ Գյումրիի՝ նորովի կառուցելու գործընթացը, ըստ էության, արդեն սկսվել էր եւ շարունակվում է։ Սա շատ լավ դինամիկա է, որը մենք կարող ենք շարունակել»։