23.11.2024
Յուրի Խաչատուրովի ինքնազգացողությունը վատացել է. նիստը հետաձգվեց
prev Նախորդ նորություն

Կայացել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ:


Քննարկվել են նիստի օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր:


Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը զեկուցել է Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2020թթ. միջոցառումների ծրագրով՝ 2020թ. կատարման ենթակա միջոցառումների իրականացման ընթացքի, մշտադիտարկման և գնահատման արդյունքների վերաբերյալ: Դրանց համաձայն՝ 2020թ. նախատեսված միջոցառումների գրեթե կեսն ամբողջությամբ իրականացվել է, 13 միջոցառում կատարվել է ավելի մեծ ծավալով, քան նախատեսված է եղել, չկատարված միջոցառում չկա, որոշներն իրականացվել են մասնակիորեն: Վերջին հանգամանքը, նախարարի խոսքով, պայմանավորված է եղել համավարակի ու պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակով և այդ պայմաններում պետական կառավարման համակարգի գործունեության առաջնահերթություններով:


Վարչապետը կարևորել է հակակոռուպցիոն միջոցառումների հասցեականությունը և հետաքրքրվել դրանց գործնական արդյունավետությամբ: Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, կարևորել է քաղաքական կոռուպցիայի դրսևորումների կանխարգելման ուղղությամբ հետևողական աշխատանքը: Այս համատեքստում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը նշել է, որ Հանձնաժողովը շարունակական ուսումնասիրություններ է իրականացնում պետական պաշտոն զբաղեցնող և միաժամանակ բիզնես գործունեություն իրականացնող անձանց նկատմամբ, և որոշ պաշտոնյաների մասով ստուգումների արդյունքները, եզրակացություններն ուղարկվել են իրավապահ մարմիններին: Կան հարուցված քրեական գործեր, որոնք գտնվում են նախաքննության փուլում:


Անդրադառնալով Հանձնաժողովի գործունեության ընթացիկ հաշվետվությանը՝ Հ. Հարությունյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է պետական պաշտոններում նշանակման ենթակա 47 անձի, այդ թվում՝ դատախազի թեկնածուների, դատավորների հավակնորդի թեկնածուների, Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների, Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների բարեվարքության ստուգում, որից 26-ը՝ դրական, 16-ը՝ դրական վերապահումով, 4-ը՝ բացասական, 1-ի առնչությամբ եզրակացություն չի ներկայացվել: Շարունակվել է գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման համակարգի կատարելագործման աշխատանքը. 2019թ. համեմատ 3 անգամ աճել է հայտարարատու անձանց թիվը, իրականացվել է գրեթե 640 հայտարարագրի վերլուծություն, որից 210-ը՝ ԲԴԽ անդամների, ՍԴ անդամ/դատավորների, նրանց ընտանիքի անդամների հայտարարագրերը: Վերլուծության արդյունքներով Հանձնաժողովը հարուցել է 4 վարույթ՝ վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների խախտումների վերաբերյալ և համապատասխան եզրակացություն ներկայացրել: Հայտարարվել է նոր էլեկտրոնային համակարգի համար մրցույթ, որը ծառայելու է որպես թվային գործիք կոռուպցիայի դեմ պայքարում: Միջազգային փորձագետների աջակցությամբ մշակվել է պետական կառավարման համակարգում կոռուպցիոն ռիսկերի համապարփակ գնահատման մեթոդաբանություն: Գնահատման համար որպես առավել ռիսկային են ընտրվել հետևյալ ոլորտները՝ պաշտոնի նշանակում, առաջխաղացում, կատարողականի գնահատում, պետական բյուջեի կառավարում և պետական գնումներ: Գործընթացն առաջիկայում կմեկնարկի:


Օրակարգի հարցերի շրջանակում Արդարադատության նախարարը ներկայացրել է Հակակոռուպցիոն կոմիտեի և Հակակոռուպցիոն դատարանների ստեղծմանն ուղղված օրենսդրական փաթեթների և դրանց գործունեության ապահովման նպատակով իրականացվող քայլերը: Այս կառույցներն զբաղվելու են կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ: Ռ. Բադասյանը նշել է, որ այս օրենսդրական փաթեթներն Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել են, սպասվում է երկրորդ ընթերցումը: Զուգահեռ այժմ քննարկվում են այս մարմինների տեղակայման, շենքային պայմանների ապահովման, կադրային համալրման, ներքին բարեվարքության ապահովման, գործունեության շրջանակի վերջնական հստակեցման, շահագրգիռ այլ մարմինների հետ համատեղ աշխատանքի արդյունավետ կազմակերպման, տեխնիկական հագեցվածության հարցերը:


Հակակոռուպցիոն դատարանների օրենսդրական փաթեթով նախատեսվում է, որ մասնագիտացված և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանների 5 դատավորները քննելու են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա հարուցված քաղաքացիական գործերը։ Վարչապետը հետաքրքրվել է, թե զուգահեռ ինչ աշխատանք է տարվում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուղղությամբ: Նշվել է, որ այս առումով 4 գործ գտնվում է ավարտական փուլում, ԲԴԽ-ի կողմից սկսվել է դատավորների մասնագիտացման գործընթացը, ովքեր էլ պետք է զբաղվեն այդ գործերի քննությամբ: Այս համատեքստում նիստում կարծիք է հնչել, որ Հակակոռուպցիոն դատարանների ստեղծման գործընթացի արագացումը կբարձրացնի արդարադատության ոլորտի բարեփոխումների արդյունավետությունը: Արծարծվել է նաև դատավորների վարձատրության հարցը:


Վարչապետը նշել է, որ Հակակոռուպցիոն դատարանների դատավորների համարժեք վարձատրությունը լոկոմոտիվի դեր կունենա և կնպաստի որակյալ աշխատանքին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև հակակոռուպցիոն մարմինների անձնակազմի ներքին բարեվարքության ստուգման մեխանիզմների պատադիր ներդրումը՝ դա համարելով նոր չափանիշներով ստեղծվող համակարգի գործունեության առաջնահերթություն:


Հակակոռուպցիոն խորհրդի նիստում ներկայացվել է նաև իրական շահառուների համատարած բացահայտմանն ուղղված օրենսդրական փաթեթը: Ռ. Բադասյանը նշել է, որ նախատեսվում է գործող 2՝ իրական շահառուների և սեփականատերերի ինստիտուտների միասնականացմամբ ներդնել իրական սեփականատերերի բացահայտման գործուն մեխանիզմ: Այն տարածվելու է բոլոր իրավաբանական անձանց վրա և միտված է իրական սեփականատերերի բացահայտելիության բարձրացմանը՝ էլեկտրոնային համակարգի ներդրման և տեղեկատվական համապարփակ բազայի ստեղծման միջոցով: Տեղեկատվությունը լինելու է հրապարակային: Ակնկալվում է, որ հակակոռուպցիոն համակարգի մարմինների լիակատար ձևավորմանը զուգահեռ գործընթացի արդյունավետությունը կբարձրանա: