Արցախում մեկնարկել է տեղահանված բնակչության համար նախատեսված նոր բնակավայրի կառուցումը
Արցախի Ասկերանի շրջանի Աստղաշեն և Պատարա գյուղերի միջև ընկած տարածքում մեկնարկել են նոր բնակավայրի կառուցման աշխատանքները: Այս մասին տեղեկացրել է Արցախի քաղաքաշինության նախարարության մամուլի քարտուղար Մարտա Դանիելյանը:
«Ասկերանի Ջրաղացներ, Մոշխմհատ, Մադաթաշեն և Սղնախ գյուղերից տեղահանված մեր քաղաքացիների համար նախատեսված նոր բնակավայրը կունենա ավելի քան 644 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերես: Նախատեսվող 116 առանձնատներից՝ առաջինները պատրաստ կլինեն առաջիկա մի քանի ամսվա ընթացքում. բնակավայրի շինարարությունն ամբողջությամբ ավարտին կհասցվի մինչև 2022 թվականի դեկտեմբեր: Առանձնատները, որոնց նախագծի համար օրինակ է ծառայել Քաշաթաղի Աղավնոն, կլինեն 2-4 սենյականոց: Յուրաքանչյուր առանձնատանը կհատկացվի 1500 քառակուսի մետր տնամերձ հողատարածք: Գլխավոր ճանապարհի հարևանությամբ կկառուցվի նաև շուկա»,-մանրամասնեց Դանիելյանը, հայտնում է «Արմենպրես»-ը: