23.11.2024
Հրապարակվել է Հռոմի պապի Հայաստան այցի օրակարգը
prev Նախորդ նորություն

Հերթական գլուխկոտրուկը` հավատա՞լ, թե՞ չհավատալ ՀՀ վարչապետին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի երեկվա հայտարարությունն իրական իրարանցում է առաջացրել ներքաղաքական դաշտում: Մինչ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարում է, որ անհրաժեշտ ուսումնասիրությունները կարվեն, որպեսզի հստակ լինի, թե ովքեր են մենաշնորհների ետևում կանգնած և ըստ այդմ էլ` քայլեր կձեռնարկվեն, կամ` որտեղ կարվեն կրճատումներ պետական ապարատում, քաղաքական գործիչները բաժանվել են երկու ճամբարի:

Մի մասը վստահում է վարչապետին, մյուս մասը սա հերթական հայտարությունների շարքին դասում, որոնք ամենևին էլ դեպի փոփոխություններ ճանապարհ չեն հարթում:

Մասնավորապես, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը VERELQ-ի հետ զրույցում նշեց, որ չի հավատում վարչապետի հայտարարությանը, քանի որ, նրա խոսքով, նման հայտարարություններ արվել են նախկինում էլ, ժողովուրդը հավատացել է, որ ինչ-որ բան կփոխվի, սակայն այդպես էլ ոչինչ չի փոխվել: Իսկ իրականությունն ապացուցում է, որ, հակառակը, գնալով ամեն ինչ էլ ավելի է վատացել. «Ունենք արտագաղթ, չունենք` տնտեսության զարգացում: Այնպես որ դժվար է հավատալ, որ նախկինում արված հայտարարությունները կյանքի չեն կոչվել, այս մեկը կկոչվի»,- ասաց նա:

Արմեն Մարտիրոսյանի խոսքով` Հովիկ Աբրահամյանը նման հայտարարությամբ ուղղակի ուզում է հանդարտեցնել հասարակությանը, որը վերջին իրադարձությունների ֆոնին կարծես փոփոխությունների մեծ ակնկալիքներ ունի. «Բայց դժվար է հավատալ, որ ինչ-որ բան կփոխվի` հաշվի առնելով, որ սա, կրկնում եմ, արդեն ծեծված հայտարարություն է, որը այդպես էլ, հերթական անգամ, գործ չի դառնա»,- հավելեց մեր զրուցակիցը:

Իսկ ահա ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը վստահ է` եթե առաջ քաշած խնդիրների իրականացման համար քաղաքական պայման ստեղծվի, ապա այդ ամենը կյանքի կկոչվի: «Եթե թույլատրվի այդ ամենը անել` կարվի: Եթե այս առաջարկներին նաև ժողովուրդը տեր չկանգնի` չի իրականացվի: Պետք է ժողովուրդն այնպես, ինչպես Ղարաբաղի հարցն է պաշտպանում, այս հարցերը ևս պաշտպանի: Կարողացավ` ամենը կլինի, իսկ եթե ոչ, ապա չի լինի»,-ասաց պատգամավորը:

Վերջինս նաև նշեց, որ դեռ փետրվարին, որպես հակակոռուպցիոն խորհրդի անդամ, ինչպես նաև խորհրդակցելով ԲՀԿ խմբակցության գործընկերների հետ վարչապետին 10 կետանոց գրություն է ուղարկել, որում բարձրաձայնել է բոլոր այն խնդիրների լուծման անհրաժեշտությունը, որ այսօր առաջ է քաշում Հովիկ Աբրահամյանը:

«Անդրադարձել եմ այդ թվում և՛ մենաշնորհների խնդրին` ընդգծելով, որ հարկավոր է հստակ հասցեականությամբ ու ժամանակացույցով այդ խնդիրը լուծել, և՛ ստվերի կրճատման անհրաժեշտությանը, և՛ ասպիրանտուրայի և տարեկետման վերացմանը, որպեսզի բուհերը զինկոմիսարիատների չվերածվեն, ինչպես նաև գնումների գործընթացին ու խնայողությանը: Եվ այսօր վարչապետն այդ առաջարկների մեծ մասը հայտարարեց, այնպես որ սպասենք` կարվի ինչ-որ բան, թե չի արվի»,- թվարկեց նա:

Անդրադառնալով կոնկրետ մենաշնորհների դեմ պայքարին ու երեքշաբաթյա ժամկետում վարչապետի հանձնարարականով ներկայացվելիք վերլուծությանը, թե ինչպես են Հայաստանում առկա մենաշնորհներն ազդում ազատ մրցակցային պայմաններ ունենալու վրա, Միքայել Մելքումյանը նշեց, որ հատկապես այս հարցում վարչապետն ու կառավարությունը պետք է պարզ լեզվով խոսեն հանրության, տնտեսավարողների հետ, թե որն է խնդիրը, որ օրենքով արգելված չէ բիզնես անել, բայց մարդիկ չեն կարողանում:

«Կրկնում եմ` եթե թույլատրվի այդ ամենը անել, ժողովուրդն էլ տեր կանգնի` ամենն էլ կարվի ու կյանքի կկոչվի, ինչի մասին հայտարարեց վարչապետը»,- շեշտեց Միքայել Մելքումյանը:

Ի դեպ, խոսելով մենաշնորհների դեմ պայքարի մասին՝ Դավիթ Հարությունյանն այսօր ուշագրավ հայտարարություն է արել` նշելով, որ «եթե խոսքը փողոցի կամ սպառողական մակարդակով քննարկումներին է վերաբերում, ապա պետության համար գաղտնիք չէ, թե ով է Հայաստանում մենաշնորհների տիրապետում»: «Բայց ահա ավելի լուրջ մակարդակում ավելի լուրջ ուսումնասիրություններ են հարկավոր, որոնք էլ կարվեն նշված ժամկետում», - եզրափակեց նա: