Երկու անձ փախստական արցախցիներից գումարներ են հափշտակել․ ՔԿ-ն մանրամասներ է ներկայացնում
Փախստականի կարգավիճակ ունեցող Արցախի բնակիչներից խարդախությամբ տարբեր չափերի գումարներ հափշտակելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է։ Այս մասին հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեն։
Ըստ հաղորդագրության՝ երկու անձինք օգտվել են պատերազմի ընթացքում Արցախի բնակիչների անօթևան մնալու և փախստականի կարգավիճակ ձեռք բերելու հանգամանքից և ՀՀ կառավարության կողմից փախստականների համար նախատեսված ծրագրի շրջանակներում բնակարան հատկացնելու գործընթացը կազմակերպելու պատրվակով, փախստականի կարգավիճակ ունեցող Արցախի բնակիչներից խարդախությամբ հափշտակել են տարբեր չափերի գումարներ։
«Մասնավորապես՝ իրենց մտադրությունն իրագործելու նպատակով նրանցից մեկը ներկայացել է որպես ՀՀ ոստիկանության աշխատակից՝ վստահեցնելով ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյա ընկերոջ միջոցով Երևանում բնակարանների հատկացում կատարելու հնարավորությունների մասին և համապատասխան վճարումներ կատարելու, կեղծ վճարային փաստաթղթեր, սեփականաշնորհման վկայականներ կազմելու, տրամադրելու պատրվակով նրանցից պահանջել 6 000 000, 3 000 000, 4 475 000 ՀՀ դրամ և 1000 ԱՄՆ դոլար գումար։
Նշված անձանցից, որպես կանխավճար, սկզբում ստացել են տարբեր չափերի գումարներ՝ ներկայացնելով կանխավճարի վերաբերյալ կեղծ վճարային փաստաթղթեր, կեղծ անդորրագրեր, հատկացվելիք բնակարանի սեփականաշնորհման կեղծ վկայական՝ վստահեցնելով, որ սեղմ ժամկետում կիրականացվի բնակարանի հատկացումը։ Այնուհետև՝ համապատասխան վճարումները կատարելու պատրվակով հերթական հանդիպումների ժամանակ ստացել են նաև պահանջված գումարների մյուս մասը, իսկ հաջորդող օրերին տարբեր պատճառաբանություններով խուսափել հետագա հանդիպումներից»,- նշվում է հաղորդագրությունում։
ՔԿ-ից հայտնում են, որ մեկ անձ կալանավորվել է, իսկ հանցավոր խմբի մյուս անդամին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ: