25.11.2024
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է վարակվելու 196 նոր դեպք, 6 մարդ մահացել է
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուս և պատերազմ. ինչպե՞ս է փոխվել Հայաստանի ժողովրդագրական պատկերը 2020-ին

Հայաստանում 2020 թ.-ին ծնվել է 36 448, մահացել՝ 35 371 մարդ: Վեջին տարիներին սա առաջին դեպքն է, երբ գրանցվում է նման տխուր ժողովրդագրական պատկեր:


Համաձայն Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ 2018 և 2019 թթ. ծնվածների և մահացածների միջև տարբերությունը կազմել է շուրջ 10 հազար: 2020-ի ժողովրդագրական նման անկման պատճառները, ինչպես վկայում են պաշտոնական թվերը, երկուսն են՝ կորովաիրուսի համավարակ և արցախյան պատերազմ:


Այսպես, համաձայն վիճակագրական կոմիտեի տվյալների, կորոնավիրուսի համավարակից 2020-ին մահացել է 3 405 մարդ, այդ թվում 14 դեպք, որը տեղի է ունեցել ՀՀ սահմաններից դուրս, սակայն մահվան վերաբերյալ քաղաքացիական կացության գրանցումները կատարվել են ՀՀ ՔԿԱԳ ստորաբաժանումներում:


Արցախյան պատերազում մահացածների հստակ թիվ չի նշվում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներում, սակայն դրա մասին կարելի է պատկերացում կազմել բնակչության արական սեռի մահերի քանակի կտրուկ աճից: 2020-ին մահացել է 19 286 տղամարդ 2019-ի 13 384-ի նկատմամբ: Այս առումով անցյալ տարի ավելի շատ տղա է մահացել, քան ծնվել: Ծնված տղաների քանակը 19 098 է:


2020-ին աճել է նաև կանանց մահերի քանակը՝ կազմելով 16 085 մարդ 2019-ի 12 802 նկատմամբ:


Անցյալ տարի նվազել է նաև ամուսնությունների թվաքանակը 12 179: Նույն ցուցանիշը 2019-ին կազմել է 15 561:


2020թ. հունվար-դեկտեմբերին սեռերի հարաբերակցության գործակիցը կենդանի ծնվածների շրջանում կազմել է 110 տղա՝ 100 աղջկա հաշվով:


Մշտական բնակչության միջին տարիքը 2020թ. տարեսկզբի դրությամբ կազմել է 36.9 (2019թ.՝ 36.7) տարի, տղամարդկանց համար` 34.8 (2019թ.՝ 34.6), իսկ կանանց համար` 38.8 (2019թ.՝ 38.5 ) տարի:


2020թ. հունվար-դեկտեմբերին բնակչության կենսունակության գործակիցը` ծնվածների և մահացության դեպքերի հարաբերակցությունը, կազմել է 103.0%, 2019թ. նույն ժամանակաշրջանի 137.6 %-ի համեմատ:


2020-ի տարեվերջի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 964 հազար մարդ: Տարեսկզբին մշտական բնակչության թվաքանակը եղել է 2 մլն 959 հազար մարդ: