Հայաստանում 2020 թ. արդյունաբերական արտադրությունը կրճատվել է 0,9%
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրության դեպարտամենտը ներկայացրել է էքսպրես տեղեկատվություն Եվրասիական տնտեսական միությունում 2020 թվականին արդյունաբերական արտադրության մասին:
Ինչպես տեղեկանում ենք է նյութից, 2020 թվականի հունվար–դեկտեմբերին ԵԱՏՄ արդյունաբերական արտադրության ինդեքսը կազմել է 97,3 տոկոս 2019 թվականի հունվար–դեկտեմբերի մակարդակի նկատմամբ:
ԵՏՀ մամլո ծառայությունը հայտնում է, որ արդյունաբերական արտադրության ամենամեծ նվազումը նկատվել է Ղրղզստանում՝ 6,6%-ով և Ռուսաստանում՝ 2,9%-ով: Միեւնույն ժամանակ, Բելառուսն ու Ղազախստանը, չնայած համավարակին, գործնականում հաջողել են արտադրությունը պահպանել 2019–ի մակարդակում. այդ երկրներում անկումը կազմել է 0,7 տոկոս: Հայաստանում արտադրությունը նվազել է 0,9 տոկոսով։
Տարվա արդյունքներով ԵԱՏՄ-ում մի փոքր աճել է մշակող արդյունաբերությունը (0,4 տոկոսով)։ Ընդ որում, արտադրության ծավալների ամենամեծ նվազումը գրանցվել է հանքարդյունաբերության ոլորտում՝ 6,5 տոկոսով։
2020 թվականի առաջին եռամսյակում ԵԱՏՄ արդյունաբերական արտադրությունը վերելք է ապրել (ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 102,9%): Սակայն կորոնավիրուսի համավարակի հետեւանքով առաջացած սահմանափակող միջոցների հետեւանքով II եռամսյակից նկատվել է ԵԱՏՄ արդյունաբերական արտադրության կտրուկ նվազում, որը մինչեւ 2020 թվականի վերջը սկսել է կայունանալ: Դեկտեմբերին արդյունաբերական արտադրության աճը 2020 թվականի նոյեմբերի համեմատ կազմել է 9,9 տոկոս: