Արցախի ԱԳՆ-ն պարզաբանել է մուտքի վիզաներ ստանալու նոր կանոնները
Անվտանգության նկատառումներից ելնելով, օտարերկրյա քաղաքացիները պետք է նախապես դիմում ներկայացնեն՝ Արցախ օտարերկրյա քաղաքացիների մուտքի թույլտվություն ստանալու համար: Այս ընթացակարգը տարածվում է ինչպես այն երկրների քաղաքացիների վրա, որոնց հետ գործում է վիզային ռեժիմը, այնպես էլ առանց վիզայի ռեժիմով երկրների քաղաքացիների վրա։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն:
Նշվում է, որ հայտերի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվում է նաեւ ռուս խաղաղապահ ուժերին՝ հաշվի առնելով անվտանգության նկատառումները:
Հայտերը հաստատելուց հետո դիմումներ ներկայացրած օտարերկրյա քաղաքացիները վիզաներ կստանան Երեւանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում, որից հետո կարող են ժամանել Արցախ:
Ինչ վերաբերում է ժամկետներին, աշխատանքներ են տարվում մեխանիզմի կատարելագործման ուղղությամբ: Մուտքի թույլտվությունը կտրվի 3-4 աշխատանքային օրվա ընթացքում: Իհարկե, երբեմն գործընթացը կարող է ավելի երկար տեւել, ինչի մասին կտեղեկացվի օտարերկրյա պետության քաղաքացին:
Մեխանիզմը ներդրման փուլում է գտնվում։ Անցած մի քանի օրերի ընթացքում այս կարգի համաձայն մի շարք օտարերկրյա լրատվամիջոցների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ մուտք են գործել Արցախի Հանրապետություն: