ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Հայաստանի կոմպոզիտորների միության եւ Հայկական երաժշտական համաժողովի ղեկավար անձնակազմին ու մի խումբ անդամների: Հանդիպմանը մասնակցել է նաեւ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Այդ մասին հայտանում են ԿԳՄՍՆ-ի մամուլի ծառայությունից:
Ողջունելով ներկաներին՝ Վ. Դումանյանը նշել է, որ մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումները դրական լիցքեր են հաղորդում եւ մշտապես սպասված են: Այնուհետեւ նախարարն անդրադարձել է համավարակի եւ պատերազմի հարուցած դժվարություններին ու վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր է հաղթահարել այդ խնդիրները:
«Բավականին բարդ շրջան ենք ապրում. համավարակ, պատերազմ, դրանցից բխող հետեւանքներ: Մեր ժողովուրդն այսօր հոգեւոր-մշակութային լիցքերի կարիք ունի: Ստեղծված իրավիճակից դուրս գալու ցանկությունը միայն բավարար չէ. դա պետք է դառնա նպատակ եւ համառ, հետեւողական քայլերով հասնենք արդյունքի: Ես վստահ եմ, որ ձեր օգնությամբ ու համատեղ գործուն ջանքերով կարող ենք իրականացնել այդ ամենը»,- ընդգծել է Վ. Դումանյանը եւ այդ նպատակին հասնելու համար ցանկացած ուղիներ գտնելու պատրաստակամություն հայտնել:
Հաջորդիվ ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է կրթության, այդ թվում՝ նաեւ գեղարվեստական կրթության կարեւորությանն ու այն դիտարկել ազգային անվտանգության տեսանկյունից. «Կրթությունից է սկսվում մեր անվտանգությունը: Գեղարվեստական կրթությունը կրթության անբաժանելի մասն է: Մենք պետք է հստակորեն ձեւակերպենք մեր նպատակները, անելիքները եւ ինտելեկտի բարձրագույն ճանապարհով կրթենք ու զարգացնենք մեր երիտասարդներին: Մեր անվտանգությունը կարող ենք ամրացնել եւ ապահովել՝ միայն գիտելիքներ փոխանցելով ու մտավոր բարձր կարողություններով անհատներ ձեւավորելով: Եվ այդ գործում անգնահատելի է ձեր աջակցությունն ու ներդրումը»:
Ի պատասխան՝ կոմպոզիտորները տեղեկացրել են, որ նախորդ տարիներին կրթական տարբեր ծրագրեր են իրականացրել եւ այժմ էլ պատրաստ են դասընթացների, վարպետության դասերի, հանդիպում-քննարկումների միջոցով շարունակել իրենց ներդրումն այդ կարեւոր գործում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ հոբելյանական միջոցառումների կազմակերպմանը եւ իրականացմանն ուղղված մի շարք հարցեր:
«Այս տարի նշում ենք հայ մեծանուն կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի եւ մեր մյուս մեծերի հոբելյանները: Չնայած բոլոր դժվարություններին եւ խնդիրներին՝ մենք պետք է հոբելյանական միջոցառումները կազմակերպենք եւ իրականացնենք պատշաճ մակարդակով: Այս գործում եւս ակնկալում ենք ձեր մասնագիտական աջակցությունը»,- ընդգծել է նախարարը:
Խոսելով երաժշտական կյանքի ակտիվացման մասին՝ Վահրամ Դումանյանը ներկաներին հորդորել է այցելել սահմանամերձ մարզեր, համայնքներ եւ Արցախ: Նախարարը համոզմունք է հայտնել, որ այժմ, առավել քան երբեւէ, սահմանամերձ շրջաններում ապրող մեր հայրենակիցները մշակույթի հետ հաղորդակցվելու կարիք ունեն, եւ բոլոր ջանքերը պետք է ուղղել մարզային համայնքներում մշակութային կյանքի ակտիվացմանն ու գեղարվեստական կրթության զարգացմանը: Գերատեսչության ղեկավարն առաջարկել է արդեն իսկ սկսել աշխատանքներն այդ ուղղությամբ՝ ձեւավորելով հստակ ժամանակացույց եւ համապատասխան ծրագրեր:
Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալ Արա Խզմալյանն անդրադարձել է ոլորտի կարեւոր, ռազմավարական խնդիրներին՝ մշակույթի ապակենտրոնացմանը, գեղարվեստական կրթությանը, ստեղծագործական խմբերում՝ արվեստագետ- գործատու, սերնդափոխությանը եւ մասնագիտական այլ հարցերի:
Հայաստանի կոմպոզիտորների միության եւ Հայկական երաժշտական համաժողովի ղեկավարներն ու անդամները հակիրճ ներկայացրել են իրականացրած եւ առաջիկա ծրագրերը: Նրանք խոսել են նաեւ առկա խնդիրների մասին եւ լուծումներ առաջարկել այդ ուղղությամբ:
Հանդիպման ավարտին Հայկական երաժշտական համաժողովի ղեկավար Լեւոն Չաուշյանը նախարարին նվիրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրենց կազմակերպության կողմից հրատարակված «Հայ ժամանակակից կոմպոզիտորների» ձայնագրությունների հավաքածուն, որը ներառում է Երվանդ Երկանյանի սիմֆոնիկ, Լեւոն Չաուշյանի կամերային եւ սիմֆոնիկ, Մարտին Վարդազարյանի էստրադային եւ կինոերաժշտության ընտրանին, Վահրամ Բաբայանի կամերային, Կոնստանտին Պետրոսյանի կամերային, խմբերգային եւ ջազային, Սուրեն Զաքարյանի կամերային եւ սիմֆոնիկ, Արմենուհի Կարապետյանի խմբերգային ստեղծագործությունները: