24.11.2024
Երևանի կողմից Ստեփանակերտի ճանաչումը բարդ վիճակի մեջ կդնի Մոսկվային
prev Նախորդ նորություն

Al Monitor. Էրդողանը շարունակում է երթը դեպի բացարձակ իշխանություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ դեպի բացարձակ իշխանություն քայլերթը շարունակվում է: Պաշտոնանկ արված Դավութօղլուն կարող էր այդ ճանապարհին ընդամենը փոքրիկ խոչընդոտ լինել: Բայց Էրդողանը համբերություն չունի. նա ցանկանում է տիրել ամբողջ քաղաքական իշխանությանը, ներառյալ՝ դատական իշխանությունն ու զանգվածային լրատվամիջոցները, եւ նա համառորեն դրան է գնում: Այս մասին գրում է Al Monitor-ը:

Հրապարակման համաձայն, Թուրքիայում վարչապետերը սովորաբար պաշտոնը կորցնում են, երբ ձախողում են խորհրդարանական ընտրությունները կամ կուսակցության դիրքերի վատթարացման պատճառով կորցնում են խորհրդարանում մեծամասնությունը: «Թուրքիայի գործող նախագահ Ահմեդ Դավութօղլուն նշված խնդիրներից ոչ մեկը չուներ: Ընդամենը վեց ամիս առաջ նա վճռական հաղթանակ տարավ ընտրություններում: Ամեն դեպքում, նա մայիսի 5-ին ստիպված եղավ հրաժեշտի ելույթ հնչեցնել»,- նշված է հոդվածում: Դավութօղլուն հայտարարեց, որ 17 օր անց Թուրքիայի իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության արտահերթ համագումարը կկայանա, որը կուսակցության նոր ղեկավար կընտրի, բայց ինքն այդ պաշտոնին չի հավակնի: «Դա իմ որոշումը չէ, բայց դա անհրաժեշտություն է», - նշեց Դավութօղլուն:

«Ամբողջ Թուրքիան գիտի, թե ինչ է նշանակում անհրաժեշտություն. նախագահ Էրդողանը, որը դեռեւս 2014 թվականի օգոստոսին վարչապետի պաշտոնում առաջացրեց Դավութօղլուի թեկնածությունը, վերջերս փոխեց միտքը: 20 ամիս անց քաղաքական երկու գործիչների միջեւ տարաձայնությունները խորացան: Դավութօղլուի հայտարարությունից 4 օր առաջ Էրդողանի անանուն աղբյուրն իրավիճակի մանրամասներ հաղորդեց, որոնց համաձայն՝ Դավութօղլուն «դավաճանել է Էրդողանին՝ համագործակցելով արեւմտյան ուժերի եւ նրանց գործակալների հետ, որոնք դավ են նյութում «ՇԵՖ»-ի դեմ: Փաստացի միակ բանը, որի հարցում Դավութօղլուն «դավաճանեց» Էրդողանին, այն է, որ նա ձգտում էր համեմատաբար չափավոր եւ ավելի պակաս բռնակալ լինել»,- ասված է հրապարակման մեջ:

Էրդողանի կողմնակիցները, ըստ հոդվածագրի, նշում են, որ նոր վարչապետի նշանակումը «ներդաշնակություն» կմտցնի նախագահի եւ վարչապետի միջեւ: «Բայց այս դեպքում ավելի հարմար եզրույթը «ենթարկվելն» է. բացարձակ ներդաշնակության հասնել հնարավոր կլինի միայն այդ պաշտոնում լիակատար հնազանդ վարչապետ նշանակելու դեպքում»,- ամփոփում է հոդվածագիրը: