Ալիևի 4-օրյա պատերազմի «ձեռքբերումները» և եղելությունն Ադրբեջանում
Վերջին օրերին ամենաշրջանառվող լուրն այն է, որ Իլհամ Ալիևը նախապատրաստում է լայնամասշտաբ հարձակում ԼՂՀ-ի վրա: Հայաստանի իշխանությունները, հաշվի առնելով ապրիլի սկզբին տեղի ունեցած իրադարձությունները Ղարաբաղում և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության անարդյունավետությունը, լիովին հասկանում են, որ Ղարաբաղի հիմնախնդրի լուծումն Ադրբեջանն այսօր տեսնում է միայն ռազմական ուժի միջոցով:
Այդ իսկ պատճառով, որպեսզի աշխարհը հասկանա, որ Հայաստանը պատրաստ է պաշտպանել ԼՂՀ-ի սահմանները ցանկացած միջոցով, Երևանը գնաց ճիշտ դիվանագիտական ուղիով. Հայաստանի Կառավարությունը հաստատաեց ԼՂՀ-ի ճանաչման օրինագիծն վերաբերյալ ԱԳՆ եզրկացությունն ու օրինագիծն ուղարկեց Ազգային Ժողով քննարկման: Այս քայլով Հայաստանը փակուղու մեջ դրեց Ալիևին և հասկացրեց բոլորին, որ լայնամասշտաբ պատերազմի վերսկսման դեպքում Հայաստանը կճանաչի Արցախը:
Երբ Ալիևն ապրիլի սկզբին սկսում էր ռազմական գործողությունները Ղարաբաղում, վերջինս հույս ուներ, որ, կիրառելով նորագույն ռազմական տեխնիկա և մի քանի անգամ ավելի զինվորներ, քան կային ԼՂՀ-ի պաշտպանության բանակի առաջնագծում, կկարողանա բլից-կրիգ իրականացնել և վերցնել Ղարաբաղի կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեցող հենակետերը: Բլից-կրիգը ոչ միայն չհաջողվեց, այլ լիովին տապալվեց, և արդյունքում Ալիևն այսօր ունի`
1. Մեծ քանակի զոհեր և ամբողջովին տապալված ծրագիր
2. Ժողովուրդ, որը ավելի, քան մինչ ապրիլյան պատերազմը, պահանջում է Ալիևից պատերազմի միջոցով վերադարձնել Ղարաբաղը
3. Երկրի ներսում շարունակվող տնտեսական ճգնաժամ
4. Երկրում ապրող փոքրամասնությունների դժգոհությունների ալիքի բարձրացում իրենց երեխաներին պատերազմի չուղարկելու պահանջով
5. Շիաների և սունիների (Ալիևը սունի է) հակամարտության ֆոնի վրա ներքաղաքական պայքարի սրման հնարավորություն
6. Առավել զգոն և պատերազմին յուրաքանչյուր պահին սպասող ԼՂՀ-ի և Հայաստանի զինված ուժեր
7. Պատերազմի վերսկսման դեպքում Հայաստանի` Արցախը ճանաչելու պատրաստակամությունը
Ալիևի` երկիրը ղեկավարելու մեխանիզմը միանգամայն ակնհայտ է, և այն հետևյալն է. Ադրբեջանում նժարի վրա դրված են երկու հարց` ատելություն դեպի իշխանությունները, քանի որ երկիրը թալանվում է երկու ընտանիքների կողմից (Ալիևներ և Փաշաևներ, վերջինի ներկայացուցիչը Ալիևի կինն է), և ատելություն դեպի Հայաստան` Ղարաբաղի հիմնախնդրի պատճառով: Ալիևը մինչ այսօր կարողացել է այդ երկու խնդիրները բալանսավորել, սակայն ապրիլի սկզբին, ելնելով համաշխարհային շուկայում նավթի գնի կտրուկ անկումից և դրա հետևանքով մանաթի արժեզրկումից, երկրի ներսում ժողովրդի ատելությունը բարձրացել էր իշխանության նկատմամբ, և այդ պատճառով պետք էր խորացնել հակահայկական տրամադրվածություններն ադրբեջանցիներին շեղելու նպատակով, ինչը կարելի էր անել միայն Ղարաբաղում պատերազմ սկսելով:
Արդյունքում, Ղարաբաղի զինված ուժերը, փայլուն պաշտպանություն ապահովելով, հետ մղեցին թշնամու բանակը: Այժմ Ադրբեջանի իշխանությունները գտնվում են ավելի վատ իրավիճակում, քան նախքան 4-օրյա պատերազմը, քանի որ երկրի ներսում տնտեսական խնդիրները շարունակվում են, իսկ ժողովրդի մոտ հակահայկական ատելությունը վերստին (կոռումպացվածության և Ղարաբաղը չվերադարձնելու պատճառով) փոխարինվում է իշխանության հանդեպ ատելությամբ:
Թե որը կլինի Ալիևի ռեժիմի հաջորդ քայլը, ցույց կտա ժամանակը, բայց այս պայմաններում միայն հիմարը կարող է վերսկսել պատերազմը: Ղարաբաղում պատերազմ վերսկսելու որոշումը Ալիևի իշխանության տապալման սկիզբի ազդարարը կլինի:
Արման Ղուկասյան` Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպության ղեկավար