VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա առաջին չորս ամիսներին ՀՀ կառավարության կողմից պետական բյուջեի ծախսերը հոգալու նպատակով ներգրաված միջոցներից 345 միլիոն 500 հազար դոլարը չեն եղել եկամտային գումարներ: Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությունն այս տարվա չորս ամիսներին 173 մլն դոլարով ավելացրել է պետական պարտքը եւ մոտ 172 մլն դոլարով էլ նվազեցրել է Հայաստանի միջազգային պահուստները: Այլ կերպ ասած՝ պետական բյուջեի խնդիրները լուծելու համար կառավարությունը մի կողմից նորանոր պարտքեր է վերցրել, մյուս կողմից էլ ծախսել է «նեղ օրերի» համար ետ գցված պահեստային միջոցները: Եթե որեւէ ընտանիք կամ ընկերություն նման վիճակում է հայտնվում՝ առանց եկամուտների ավելացման հստակ հեռանկարի, ապա ակնհայտ է, որ սնանկացումը ոչ միայն սարքերի ետեւում չէ, այլ իրատեսական եւ մոտ ապագա է: Բայց պետությունների սնանկացումից հարյուր-հազարավոր, երբեմն նաեւ միլիոնավոր մարդկանց ճակատագրեր են կախված լինում»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Խոշոր բիզնեսի մի քանի ներկայացուցիչներ մեզ հետ մասնավոր զրույցներում հաստատեցին, որ ապրիլյան հայտնի դեպքերից հետո իրենք կիսակամավոր պարտավորություն են ստանձնել շահույթներից որոշակի գումարներ հատկացնել բանակի կարիքներին։ Թե ինչպիսի ծավալների մասին է խոսքը, մեզ ճշտել չհաջողվեց, սակայն մեր զրուցակիցների գնահատմամբ խոսքը «բավականին շոշափելի գումարների մասին է»։ Ստեղծված իրավիճակում սա, իհարկե, նորմալ է, սակայն սա չի կարող ունենալ երկարատև բնույթ և գաղափարախոսական տեսանկյունից էլ ճիշտ չէ: Տնտեսությունը ժամանակակից սկզբունքներով կառավարելու, արդյունավետությունը բարձրացնելու, կոռուպցիան ու մոնոպոլիզացիան նվազեցնելու պարագայում այսպիսի ոչ ստանդարտ միջոցառումների կարիքը ուղղակի չէր զգացվի, և բյուջեն կարող էր հոգալ մեր բանակի բոլոր կարիքները»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, տևական ժամանակ ձգված ՀԱՊԿ ակադեմիայի կառուցումը, չնայած նրան, որ ՀՀ կառավարությունը ոչ մի ֆինանսական աջակցություն չի ցուցաբերել, մոտենում է ավարտին և մոտ ժամանակներս կսկսի գործել։ Ասում են՝ ժամանակին ՀԱՊԿ երկրները (հատկապես Ղազախստանն ու Բելառուսը) պայքարել են այդ ակադեմիան իրենց մայրաքաղաքներում ունենալու համար, և Անվտանգության խորհրդի քարտուղար
Արթուր Բաղդասարյանից մեծ ջանք է պահանջվել, որպեսզի այն բերվի Հայաստան։ Հօգուտ Հայաստանի որոշման կայացմանը նպաստել են Բորդյուժա-Պատրուշև-Արթուր Բաղդասարյան հարաբերությունները։ Հիշեցնենք, որ ակադեմիայում պատրաստվելու են ռազմական ոլորտի կադրեր, բայց Հայաստանի համար կարևոր է լինելու «Տիեզերական հետազոտությունների և մոնիթորինգի» կենտրոնը, որի պայմանագիրն արդեն կնքված է, ուսուցման ծրագրերն իրականացվելու են «Ռոսկոսմոսի» հետ համատեղ և այն լինելու է բացառիկը տարածաշրջանում»»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ղարաբաղում անընդհատ կարելի է լսել նույն խոսակցությունը գրեթե նույն ձևակերպումներով. «Այսպես այլևս չի կարող շարունակվել, իրավիճակը թող հանդարտվի, տեսնենք, թե ինչ է փոխվելու»։ Ղարաբաղի շարքային բնակիչները համոզված են, որ ապրիլյան պատերազմից առաջ եղած իրավիճակը պետք է արմատապես փոխվի, որովհետև այն կյանքով, որով իրենք ապրել են մինչև ապրիլ՝ այլևս չեն ուզում ապրել։ Մեր զրուցակիցներն ասում են, որ երբ երկիրը փրկելու, պատերազմի գնալու, կյանքը վտանգի տակ դնելու խնդիր կա, իշխանությունները միանգամից հիշում են իրենց, միանգամից սկսում են խոսել միասնության մասին, ասում են, որ սա մեր բոլորի ընդհանուր հայրենիքն է, որ երկիրը բոլորինս է և բոլորս պետք է մեկ մարդու նման պաշտպանենք երկիրը, բայց երբ գալիս է խաղաղության շրջանը, երբ արդեն թշնամու վտանգը հեռանում է, պարզվում է, որ երկիրը ընդամենը մի քանի մարդու սեփականությունն է, երկրի ընդերքը մի քանիսինն է, և այնտեղից արդյունահանվող ոսկին ու պղինձը միայն նրանցն է, Ղարաբաղի տարածքով հոսող գետերը մի քանիսինն են, որ դրանց վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցեն և հոսանք արտադրեն, հողերը էլի նույն մարդկանցն են, որ ցորեն ցանեն ու իրենց վրա վաճառեն, պարզվում է, որ եթե դու մի քիչ հող ունես ու ուզում ես մշակել, չես կարող անել, քանի որ ոռոգման ջուրը ևս մի քանիսի արտերի համար է, իսկ թե գյուղացու հողը կչորանա կամ ընտանիքը սոված կմնա՝ որևէ մեկին չի հետաքրքրում։ Չորսօրյա պատերազմից հետո մարդկանց մոտ հոգեբանական հեղափոխություն է տեղի ունեցել։ Մենք վերադառնում էինք սահմանում 19 օր հերթապահած զինվորականի հետ, ով հրետանավոր է, և ապրիլի սկզբներին որպես պահեստազորային զորակոչվել է ԼՂՀ ՊԲ։ Մեր զրուցակիցն ասում է, որ եթե հարուստները շարունակեն նույն ձևով պահել իրենց, եթե շարունակեն ամեն ինչ համարել իրենցը, ապա ժողովուրդը այլևս չի հանդուրժելու դա, և տեղի է ունենալու պայթյուն։ «Բոլորս հոգնել ենք այս վիճակից, հոգնել ենք որովհետև էլ տեղ չկա դիմանալու, չի կարող, որ ես իմ կյանքը դնեմ, իմ առողջությունը դնեմ, ու տեսնեմ, որ դիմացը ոչ մի բան չեմ ստանում, որ ես մարդահաշիվ չեմ, ես մենակ պետք եմ, որ իրանց ունեցվածքը պաշտպանեմ։ Մի բան էլ ես, չէ՛, պետք է ունենամ, որ մի բանի վրա էլ իմ սիրտը ցավա։ Թե չէ մարդիկ թողելու են գնան, էլ սենց դիմանալ չի լինի»,- բացատրում է մեր զրուցակիցը»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պատկան մարմինները հանում-գումարում են, գումարում-հանում են, փորձում են էլեկտրաէներգիայի իջեցմանը սոլիդ տեսք տալ՝ հնարավոր շատ դիվիդենտներ շահելով։ Սակայն, ինչպես տեղեկացրեց մեր աղբյուրը, եղած հնարավորությունները բավարարելու են մինչև «2 ու մի քիչ» դրամով սակագինն իջեցնելուն, ինչի մասին պաշտոնապես կհայտարարի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ հունիսի սկզբին։ «Ճիշտ է, շատ մեծ չէ «ձեռքբերումը», բայց, դե՝ մկան ցեթն էլ ջաղացին օգտակար է, իջեցումը սիմվոլիկ է այնքանով, որ մեկ տարի առաջ՝ հունիսին, «էլեկտրիկ Երևանն» էր ընդդեմ սակագնի բարձրացման, իսկ այսպես՝ «step by step», քայլ առ քայլ կփորձենք ինչ-որ բանի հասնել։ Կարծում եմ՝ վերանայումներ էլի կլինեն»»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ երկու շաբաթ առաջ՝ ապրիլի 26-ին, Սերժ Սարգսյանը պաշտոնանկ արեց միանգամից երեք բարձրաստիճան գեներալների՝ ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանին, որը նաեւ փոխնախարարի պաշտոն էր զբաղեցնում, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանին եւ ՀՀ ԶՈՒ կապի զորքերի պետ-կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանին: Այլ պայմաններում այս պաշտոնների թափուր մնալը գուցե տարակուսանքի տեղիք չտար: Սակայն չհայտարարված պատերազմի պայմաններում ՀՀ ԶՈՒ կարեւորագույն պաշտոնների թափուր մնալը, մեղմ ասած, տարակուսելի է. ինչպե՞ս կարող է ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ չունենալ այսօր: «Ժողովուրդ»-ը փորձեց Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար
Վլադիմիր Հակոբյանից պարզել, թե ՀՀ ԶՈՒ ղեկավար պաշտոններում նշանակումներ չկատարելու պատճառները որոնք են: «Իր լիազորությունների շրջանակներում նախագահը կկատարի համապատասխան նշանակումներ»,- պատասխանեց պարոն Հակոբյանը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար
Սամվել Բաբայանն արդեն մի քանի օր է՝ վերադարձել է Հայաստան: Ըստ լուրերի՝ նա ներկայումս գտնվում է Երեւանում եւ փորձում է գնահատել հրապարակային քաղաքական դաշտ վերադառնալու իր հնարավորությունները: Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը ղարաբաղյան պատերազմի հերոսներից է, ում կյանքը խաղաղ պայմաններում, մեղմ ասած, այդքան էլ չստացվեց: ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով 2000 թվականին դատապարտվեց 14 տարվա ազատազրկման: 2004-ին՝ չորսուկես տարի Շուշիի բանտում անազատության մեջ մնալուց հետո, Սամվել Բաբայանին ներում շնորհվեց, եւ նա ազատ արձակվեց: Այնուհետեւ տեղափոխվեց Երեւան եւ փորձեց քաղաքական գործունեություն ծավալել: 2005-ին հիմնադրեց «Դաշինք» կուսակցությունը, սակայն այդպես էլ լուրջ հաջողությունների չհասավ: Իսկ 2008-ից հետո Բաբայանը սկսեց լուրջ ֆինանսական խնդիրներ ունենալ: 2010-ին լուրեր տարածվեցին այն մասին, որ Բաբայանը մեծ պարտքեր է կուտակել եւ որ գրավադրել է իր մերձավորների մեծ մասի բնակարանները, անշարժ գույքը ու չկարողանալով գումարները վերադարձնել՝ Հայաստանից հեռացել է: Դրանից հետո, եթե անգամ մամուլը հիշում էլ էր Բաբայանի մասին, ապա գտնվելու վայրը անհայտ էր: Քառօրյա պատերազմից հետո Սամվել Բաբայանի մասին կրկին սկսեցին խոսել այն տեսանկյունից, որ թշնամու համար ահուսարսափ դարձած գործչի վերադարձը հայրենիք, հնարավոր է, որ դրական ազդեցություն ունենա, եւ պե՛տք է, որ նա վերադառնա: Թերեւս, կարելի է ասել, որ այդ քննարկումներն ու պահանջները տեղ են հասել, եւ Բաբայանը որոշել է վերադառնալ Հայաստան: Միայն թե անհայտ է` ինչքան ժամանակով եւ ինչ նպատակով»:
«Հայոց Աշխարհ» օրաթերթը գրում է. «Ապրիլի սկզբին վարկերի միջին գինը գերազանցել է 19 տոկոսը։ Ընդամենը երեք ամսվա ընթացքում այն բարձրացել է 3,75 տոկոսով։ Եվ սա այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածում Կենտրոնական բանկը նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ թեկուզ ոչ շատ, բայց փողի գինն իջեցնելով 0,5 կետով։ Այս պայմաններում թվում է, թե բանկերը պետք է արձագանքեին ԿԲ գործողություններին։ Սակայն տեղի է ունեցել հակառակը։ Թե ինչով է պայմանավորված տարեսկզբին վարկերի թանկացումը, դժվար է միանշանակ գնահատել։ Դրա վրա ազդող գործոնները սովորաբար բազմազան են, բայց հիմնական պատճառներից մեկը ներգրաված միջոցների գնի բարձրացումն է։ Որքան էլ տարօրինակ է, տարեսկզբին ներքին շուկայից ներգրավված գումարները նույնիսկ էժանացել են։ Եթե անցած տարվա վերջին ավանդների միջին տոկոսադրույքը 13,3 էր, ապա մարտին դարձել է 11,4 տոկոս։ Այլ կերպ ասած, ավանդների գինը երեք ամսում նվազել է գրեթե 1,9 տոկոսով, մինչդեռ վարկերը նույն ժամանակահատվածում թանկացել են 3,75 տոկոսով։ Դրա հետեւանքով զգալիորեն ավելացել է բանկային համակարգի մարժան։ Խոսքն այն եկամտի մասին է, որը բանկերը ստանում են ավանդների ներգրավման եւ վարկերի տրամադրման միջնորդական գործունեության իրականացման շնորհիվ։ Բանկային համակարգի մարժան մարտին հասել է գրեթե 7,7 տոկոսի։ Մի բան, որ շոշափելիորեն թանկացրել է տնտեսության մեջ ներգրավվող վարկերը։ Իհարկե, այդպիսի գործունեությունը բանկային համակարգում նորություն չէ։ Վերջիններս միշտ էլ փորձել են բանկային մարժայի միջոցով ապահովել բարձր եկամուտներ։ Ընդամենը երկու տարի առաջ, երբ ֆինանսական համակարգն անհամեմատ հանգիստ վիճակում էր, բանկային համակարգում ավանդների եւ վարկերի գնի տարբերությունը հասնում էր գրեթե 10 տոկոսի։ Ներգրավված ընդամենը 6,8 տոկոսանոց ավանդները բանկերը տեղաբաշխում էին վարկային 16,7 տոկոս միջին տոկոսադրույքով»։
«Ժամանակ» թերթը գրում է. Կառավարությունը խորհրդարանին առաջարկում է մեկ տարով հետաձգել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը և այն կիրառել 2018 թվականի հուլիսից: Կառավարությունն այս որոշումը պայմանավորում է իբր թե Հարկային օրենսգրքի ընդունումով, որն ուժի մեջ կմտնի հենց 2018-ի հունվարից: Իրականում, սակայն, ակնհայտ է, որ այստեղ բանն ընտրություններն են, որոնք տեղի են ունենալու 2017 թվականին: Եվ եթե պարտադիր կուտակայինը կիրառության մեջ մտնի 2017 թվականի հուլիսից, ապա այդ ժամկետի, այսպես ասած, մոտիկությունն ընտրություններին կարող է հիմք դառնալ տարբեր խմբերի այդ հանգամանքը հասարակական բողոքի ակցիաների տեսքով օգտագործելու համար: Ի վերջո, այս երևույթը մեզ անծանոթ չէ, և բոլորն են հիշում, թե ինչպես հայտնի ոչ իշխանական քառյակը կուտակային պարտադիր համակարգի դեմ քաղաքացիական բողոքին միացավ և սկսեց այն հմտորեն օգտագործել վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությանը հասնելու և Հովիկ Աբրահամյանին վարչապետ կարգելու համար: Եվ շատ հետաքրքիր է, որ հենց Աբրահամյանը նշանակվեց վարչապետ, պարտադիր կուտակային համակարգի դեմ բողոքի ակցիաները, ըստ էության, մարեցին, թեև հարցը, որպես այդպիսին, մնաց չլուծված, և կառավարությունը գնաց մասնակի խորամանկության ճանապարհով՝ պարտադիրից ազատեց մասնավոր սեկտորին և սկսեց պարտադիր պահումներ կատարել պետական, բյուջետային հիմնարկների աշխատակիցներից: Եվ ահա, կառավարությունը հանդես է գալիս պարտադիր կուտակայինը ևս մեկ տարով հետաձգելու նախաձեռնությամբ, որի նպատակը անկասկած մի կողմից սոցիալական դժգոհության պատճառները, այսպես ասած, հեռացնելն է՝ պատճառներից մեկը, իսկ մյուս կողմից՝ խնդիրը ներքաղաքական և միգուցե պարզապես ներիշխանական շահարկումների առարկա չդարձնելու համար»: