Թեհրանում կկայանա Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը. Զարիֆ
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Անկարա կատարած աշխատանքային այցի ընթացքում հայտնել է, որ Թեհրանում տեղի կունենա Իրանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը՝ քննարկելու տարածաշրջանային համագործակցության հարցերը: Այս մասին հայտնում է EADaily-ն՝ վկայակոչելով Mehr լրատվական գործակալությունը։
Մոհամմադ Ջավադ Զարիֆն ասել է, որ Իրանի ղեկավարությունն ակնկալում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Թեհրան: Հարեւան երկրների ղեկավարների եռակողմ գագաթնաժողովի ստույգ ժամկետները Իրանի դիվանագիտության ղեկավարը չի նշել՝ սահմանափակվելով այն նշումով, որ հանդիպումը տեղի կունենա առաջիկա օրերին:
Նախարար Զարիֆն Անկարա է ժամանել Բաքու, Մոսկվա, Երեւան եւ Թբիլիսի այցերից հետո: Լեռնային Ղարաբաղում վերջերս տեղի ունեցած պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակը դարձել է Իրանի ԱԳ նախարարի եւ Ադրբեջանի ղեկավարության հանդիպման հիմնական թեմաներից մեկը:
Բաքվում ԻԻՀ ԱԳ նախարարը ողջունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Կովկասում համագործակցության վեցակողմ ձևաչափ» (Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան) աշխատանքային անվանումը կրող գաղափարը և պատրաստակամություն հայտնել աջակցել և համագործակցել բոլոր այն ոլորտներում, որոնք նպաստում են տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանն ու հանգստությանը: