Ադրբեջանի ԶՈՒ կողմից 72 քաղաքացիական անձ է սպանվել, 31-ը՝ գերեվարման մեջ. Արցախի ՄԻՊ
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը թարմացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ հրապարակված միջանկյալ զեկույցը, որում ներառվել են նաև 2020թ. դեկտեմբերի 22-ից հետո որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված քաղաքացիական անձանց սպանության դեպքերը:
Զեկույցում ամփոփված են 2020թ. սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական ագրեսիայի ընթացքում թիրախային հարվածների հետևանքով և Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված (գերեվարված) քաղաքացիական անձանց սպանության դեպքերը՝ վերաբերելի հակիրճ տեղեկությունների ներկայացմամբ:
2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021թ. հունվարի 28-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից 72 քաղաքացիական անձանց սպանության դեպք, որից 41-ը՝ թիրախային հարվածների հետևանքով, 31-ը՝ գերեվարման մեջ:
Արձանագրվել են խոշտանգման և դիակների խեղման, անխուսափելիորեն քաղաքացիական մահերի հանգեցնող թիրախային հարվածների մի շարք դեպքեր: Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաև 163 քաղաքացիական անձի վիրավորման դեպք, որոնց զգալի մասը տեղի է ունեցել այլ անձանց մահվան հանգեցրած հարվածների հետևանքով:
Զեկույցում ներկայացվել են միայն անառարկելի հիմքերով ապացուցված դեպքերը, սակայն ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է ստանալ նաև այլ ենթադրյալ դեպքերի վերաբերյալ ուսումնասիրություն պահանջող տեղեկություններ, որոնց հետազոտության արդյունքները կներառվեն Զեկույցի հետագա թարմացումներում:
Զեկույցի թարմացման պահի դրությամբ՝ Պաշտպանի աշխատակազմը շարունակում է տիրապետել անհետ կորած քաղաքացիական անձանց վերաբերյալ տվյալների, որոնց մի մասը հավանաբար գտնվում է ադրբեջանական գերության մեջ, իսկ մյուս մասը ենթադրաբար սպանվել ադրբեջանական զինված ուժերի կողմից: Այդ մասին են վկայում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած արցախյան բնակավայրերում քաղաքացիական անձանց դիակների հայտնաբերման պարբերական դեպքերը:
Որոշ զոհերի մարմիններ գտնվել են մահից տևական ժամանակ անց, ինչը պահանջում է խորը մասնագիտական հետազոտություն կոնկրետ դեպքերում մահվան հանգամանքները մանրամասն արձանագրելու և կատարված հանցագործությունների հետքերը բացահայտելու համար, այդուհանդերձ որոշ դեպքերով ներկայացվել են նաև դատաբժիշկ-փորձագետի նախնական եզրակացությունները: