Ծրագրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը ԼՂ․ Զախարովա
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Լեռնային Ղարաբաղ ծրագրված է։ Այս մասին հունվարի 28-ին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Իսկապես, Լեռնային Ղարաբաղ այցելությունը նրանց ծրագրերում է։ Այսօր այցի ժամկետները որոշված չեն, դրա մանրամասները պետք է համաձայնեցվեն բոլոր կողմերի հետ»,- ասել է Զախարովան։
Նախօրեին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրի իրականացումը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Կրեմլում հունվարի 11-ին տեղի է ունեցել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, որտեղ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի իրադրությունը: Բանակցությունները շարունակվել են գրեթե չորս ժամ։