24.11.2024
ԱԳՆ. Ղարաբաղի անկախության ճանաչումը նուրբ հարց է
prev Նախորդ նորություն

ՀՀԿ-ը` օֆշորային սկանդալի մասին. Եթե կան անուններ` կուսումնասիրվեն

Եկեք չշտապենք. այդ քաղաքացիների մասով էլ կլինեն ուսումնասիրություններ: Այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` անդրադառնալով այն հանգամանքին, որ այսպես կոչված «Պանամական փաթեթում», բացի ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանից, ևս 37 հայ ազգանուն կա: Նոր անունները հայտնի են դարձել այսօր:

«Դրանք ուսումնասիրվում են, արդեն կան արձագանքներ: Հավատացնում եմ` եթե կան անուններ, ապա կկատարվեն ուսումնասիրություններ։ Պետք չէ շտապողականություն ցուցաբերել ու ենթադրություններ անել»,- շեշտեց նա:

Նշենք, որ հանրությանը հայտնի անուններից օֆշորային սկանդալային փաստաթուղթը հիշատակում է նաև բնապահպանության նախկին նախարար, Ջրօգտագործման կոմիտեի պետ Արամ Հարությունյանի անունը, սակայն անունը լսելով` Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ հարկավոր է, նախ, համոզվել, ապա նոր միայն կոնկրետ անուններ տալ:.

«Սպասենք ուսումնասիրությունների ավարտին»,- հավելեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Հիշեցնենք, ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանն ապրիլի 18-ին հրաժարական ներկայացրեց` նշելով, որ ցավում է, որ իր անունն արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։

Ըստ տնտեսագետ Արտակ Մանուկյանի, շատ մարդկանց մոտ, ընդհուպ մինչև հակակոռուպցիոն ոլորտի նեղ մասնագետների, թյուր պատկերացումներ կան օֆշորների մասին: Նրա պնդմամբ, օֆշորում ընկերություն բացել, գրանցելը կարող է հետապնդել հարկային վճարումների օպտիմալացման նպատակ: "Օրինակ՝ ամերիկյան դեղագործական ընկերություններից ոմանք գրանցված են Իռլանդիայում և այլն", - նշում է նա և հավելում, թե որն է կարևորը. "Կարևորը օֆշորային ֆիրմայի եկամուտների ստացման եղանակներն են":