ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներսում շրջանառվում է Սահմանադրության փոփոխությունների նախագիծ
«Հայկական ժամանակի»-ի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներսում շրջանառվում է Սահմանադրության փոփոխությունների մի նախագիծ, որի ընդունվելու պարագայում Ազգային ժողովը կարող է ինքնալուծարվել:
Փոփոխության բնույթը Սահմանադրության 92-րդ հոդվածում այնպիսի լրացում կատարելն է, որի համաձայն՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է նաև Ազգային ժողովի առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ Ազգային ժողովի արձակվելու դեպքում:
Առաջարկվում է նաեւ ամրագրել, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի արձակվելուց ոչ շուտ, քան քառասուն եւ ոչ ուշ, քան հիսունհինգ օր հետո (գործող կարգավորման մեջ ընտրությունն անցկացվում է ոչ շուտ, քան երեսուն եւ ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո):
Գործող Սահմանադրությամբ խորհրդարանական արտահերթ ընտրություն նշանակվում է միայն այն դեպքում, երբ վարչապետի հրաժարականից հետո 2 անգամ 7-օրյա ժամկետում Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ չի ընտրում նոր վարչապետ:
Ընդդիմադիր խմբակցությունները չեն համաձայնում Փաշինյանի հրաժարականի պարագայում նոր թեկնածու չառաջադրել, ինչը տեսականորեն նշանակում է, որ Փաշինյանի հրաժարականից հետո ԱԺ-ն այլ վարչապետ կարող է ընտրել:
Նիկոլ Փաշինյանը ամանորից առաջ հայտարարել էր, որ խորհրդակցություններ է սկսում 2021-ին արտահերթ ընտրությունների հարցով: Ավելի ուշ նա «Հանրային» հեռուստաընկերության եթերում ասել էր, որ, երկու անգամ վարչապետ չընտրելու տարբերակից բացի, առաջարկում է արտահերթ ընտրություններ անցկացնելու նաեւ այլ տարբերակ՝ Սահմանադրությունը փոխել, Ազգային ժողովի ինքնալուծարման, արտահերթ ընտրությունների նշանակման լիազորության հնարավորություն ստեղծել առանց վարչապետի հրաժարականի։ Այս փոփոխության բնույթն այն է, որ Փաշինյանը կշարունակի պաշտոնավարել մինչեւ նոր վարչապետի ընտրությունը։