25.11.2024
Պատերազմին մասնակցած քաղաքացիները պահանջում են փոխատուցում. ակցիա ՊՆ-ի դիմաց
prev Նախորդ նորություն

ՀՔԾ պետի եղբայրը լինելն չի խոչընդոտի ԲԴԽ-ում աշխատելիս. Դավիթ Խաչատուրյան

ԲԴԽ անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանը վստահեցրել է, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եղբայրը լինելն իրեն չի խոչընդոտի ԲԴԽ-ում աշխատելիս:


«Ոչ մի կերպ չի խոչընդոտում, որովհետև, նախ, ՀՔԾ-ն քննում է բոլոր նախաքննական մարմինների կտրվածքով 5 տոկոսից պակաս գործերը: Բացի դրանից՝ ԲԴԽ-ն հանդես է գալիս որպես դատարան որոշակի վարույթների շրջանակներում՝ դատավորի անաչառության ապահովման երաշխիք: Այսինքն՝ այդ ժամանակ եթե կոնկրետ անձի հետ կապված խնդիր կա, դու պարտավոր ես բացարկ հայտնել»,- ասել է Խաչատուրյանը:


Լրագրողները նրան հարց ուղղեցին նաև ՀՀ վարչապետի՝ «վնգստացող դատավորներ» հայտարարության մասին:


Հարցին, թե ինչպես է գնահատում ՀՀ վարչապետի հայտարարությունը, որ ՀՀ-ում կան «վնգստացող դատավորներ», Խաչատուրյանն ամեն կերպ խուսափեց պատասխանել: Ի վերջո, ասաց, որ եթե վարչապետն այդպես է ասել, ուրեմն, այդպես կարծելու հիմքեր եղել են։


«Դա որևէ կոնկրետ իրավիճակում արված արտահայտություն է։ Այնուամենայնիվ, ես իրավունք չունեմ մեկնաբանել քաղաքական հայտարարությունները»,- ասաց Խաչատուրյանը՝ հորդորելով իրեն դատաիրավական ոլորտի խնդիրներից հարցեր տալ, այլ ոչ թե մեկնաբանություն խնդրել՝ քաղաքական հայտարարությունների վերաբերյալ։


Նշենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունը: Նրանց թեկնածությունը քննարկվում է ԱԺ այսօրվա նիստում: