25.11.2024
ՄԻՊ-ը սահմանների որոշման գործընթացի հարցերով դիմել է եվրոպական կառույցների ղեկավարներին
prev Նախորդ նորություն

ԼՂ կարգավիճակի հարցի լուծումը կարևոր է տարածաշրջանում խաղաղության ամրապնդման համար. Թրեյսի

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին «Ժողովրդավարությունն անգին է» խորագրով հոդված է հրապարակել, որում նշել է, որ Միացյալ Նահանգները վերահաստատում է Հայաստանի ժողովրդի, կառավարության, քաղաքացիական հասարակության, մամուլի և մասնավոր հատվածի հետ գործակցելու իր հանձնառությունը՝ աջակցելու հայ ժողովրդի ձգտումներին: Հոդվածում դեսպանն անդրադարձել է ԼՂ հակամարտությանը՝ ընդգծելով, որ ԼՂ կարգավիճակի հարցի քաղաքական լուծումը կարևոր է տարածաշրջանային խաղաղության ամրապնդման համար:


Նա շեշտել է, որ Միացյալ Նահանգները վերահաստատում է գերիների անհապաղ և անվտանգ վերադարձի անհրաժեշտության իր կոչը։


Դեսպանը նշում է, որ Հայաստանի անկախացումից ի վեր Միացյալ Նահանգներն աջակցել է Հայաստանում ժողովրդավարության պայքարին ոչ այն պատճառով, որ մեզ մոտ այն կատարյալ է, այլ որովհետև մեզ հայտնի է, թե դրա պաշտպանության և պահպանման համար որքան աշխատանք է պահանջվում։ «Այս գործում առանցքային են ամուր ժողովրդավարական ինստիտուտների ստեղծումն ու պահպանումը, օրենքի գերակայության ամրապնդումը, տնտեսական հնարավորության ապահովումը բոլորի համար և կրթության հասանելիության ընդլայնումը։ Այս գործընթացը պահանջում է միասնականություն, վճռականություն և համառություն՝ հաճախ հսկայական մարտահրավերների պայմաններում։


Սկսելով պատմության այս նոր էջը՝ Միացյալ Նահանգները վերահաստատում է Հայաստանի ժողովրդի, կառավարության, քաղաքացիական հասարակության, մամուլի և մասնավոր հատվածի հետ գործակցելու իր հանձնառությունը՝ աջակցելու հայ ժողովրդի ձգտումներին, որոնք միտված են շոշափելի բարեփոխումների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ու ավելի բարեկեցիկ Հայաստան կերտելուն։


Ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը Միացյալ Նահանգների և Հայաստանի հարաբերությունների հիմնասյուներն են, սակայն մեր ընդհանուր օրակարգն ավելի ընդարձակ է։ Կայուն և ներառական տնտեսական աճին աջակցելը, առևտրի և ներդրումների ընդլայնումը, էներգետիկ անվտանգության խթանումը, շրջակա միջավայրի ռեսուրսների պատասխանատու կառավարումը, COVID-19 համավարակի դեմ պայքարն ու կրթական հնարավորությունների միջոցով մարդկանց մեջ կատարվող ներդրումները արտացոլում են ԱՄՆ-Հայաստան խորը և համապարփակ գործընկերությունը, որը վստահաբար դեռ ավելի կամրապնդվի։


Մենք գիտակցում ենք, որ առաջին հերթին պետք է կատարել այն անհետաձգելի աշխատանքը, որը թույլ կտա առաջ շարժվել Լեռնային Ղարաբաղի կործանարար հակամարտությունից հետո։ Միացյալ Նահանգների կառավարությունն արձագանքել է Հայաստանի առաջնային կարիքներին՝ տրամադրելով հագուստ, սնունդ, երեխաների համար անվտանգ տարածքներ, տեղահանվածների համար ապաստարան։ Միացյալ Նահանգները վերահաստատում է գերիների անհապաղ և անվտանգ վերադարձի անհրաժեշտության իր կոչը։ Մենք դատապարտում ենք հակամարտության հետ առնչվող վայրագության դեպքերը։ Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Չնայած մարտերի դադարին՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի քաղաքական լուծումը կարևոր է տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման համար։


Այս տարվա մասին խորհելիս՝ լիովին գիտակցում եմ մեր առաջ ծառացած բազմաթիվ մարտահրավերները, սակայն գիտեմ, որ միասին մենք կկարողանանք հաղթահարել դրանք։ Մենք կշարունակենք աջակցել Հայաստանի վերականգնմանը առաջիկա տարիների ընթացքում։ Ինչպես իր խոսքում նշեց նախագահ Բայդենը․ «Մենք երբևէ չենք ձախողել, երբ հանդես ենք եկել միասնաբար»։ Այս միասնականության մասին շեշտադրումը սահմաններ չի ճանաչում․ մեր հայ ընկերների և գործընկերների հետ մենք հաղթահարելու ենք մեր առջև ծառացած մարտահրավերները, պաշտպանելու ենք մեր ընդհանուր արժեքները, նպաստելու ենք ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը՝ ճանապարհ հարթելով դեպի պայծառ ապագա բոլորիս համար», - ասված է նրա հոդվածում։