25.11.2024
Վարդան Տողանյանը Սերգեյ Լավրովի հետ մասնակցել Է ԱՊՀ երկրների դեսպանների հետ հանդիպմանը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանցիներին ստիպում են նվիրատվություններ անել հետպատերազմյան վերականգնման համար

Ադրբեջանի իշխանությունները ստիպում են իրենց քաղաքացիներին նվիրատվություններ անել հետպատերազմյան վերականգնման համար, գրում է Eurasianet.org.


Հաղորդվում է, որ Ադրբեջանը երեք նոր պետական հիմնադրամ է ստեղծել, որոնք ուղղված են անցյալ տարվա պատերազմից հետո երկրի վերականգնմանը: «Սակայն լայնորեն տարածված տեղեկություններն այն մասին, որ քաղաքացիներին ստիպում են նվիրատվություններ անել, եւ թափանցիկության բացակայությունն առ այն, թե ինչ է արվում այդ գումարով, անհանգստացնում է շատ ադրբեջանցիների», - հաղորդում է պարբերականը:


Ներկա եւ նախկին զինծառայողներին օգնելուն ուղղված երկու հիմնադրամ է ստեղծվել դեկտեմբերի 8-ին՝ Ղարաբաղում պատերազմին վերջ դրած հրադադարից մոտ մեկ ամիս անց։ Երրորդ հիմնադրամը ստեղծվել է հունվարի 4-ին պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից գրավված տարածքների վերականգնման համար։


«Բայց հիմնադրամների ստեղծումը վիճելի էր։ Սոցիալական ցանցերում լայնորեն տարածվել են հաղորդագրություններ այն մասին, որ պետական ընկերություններում աշխատող ադրբեջանցիներին ստիպում են մասհանումներ անել։ Շատերը Facebook-ում գրում են, որ առանց նրանց թույլտվության նրանց աշխատավարձի 1 տոկոսը կամ 1,5 տոկոսը փոխանցվել է «Յաշաթ» հիմնադրամներից մեկին, որն ուղղված է վիրավոր զինվորներին եւ պատերազմում զոհված զինվորների ընտանիքներին օգնելուն», - ասված է հոդվածում:


«Ազերսու» պետական ընկերության աշխատակիցները ստիպված են եղել իրենց աշխատավարձի 1 տոկոսը նվիրաբերել «Յաշատին», հաղորդում է «Ազադլիգը»: Աշխատակիցներն ասացին, որ թեև իրենց ասել են, որ նվիրատվությունները խիստ պարտադիր չեն, սակայն նրանց, ովքեր չեն ենթարկվում, սպառնում են։ «Թուրան» անկախ լրատվական գործակալությունը հայտնել է, որ զրուցել է երկու ադրբեջանցիների հետ, որոնք ազատվել են աշխատանքից այն բողոքից հետո, որ իրենց աշխատավարձի 50 տոկոսը փոխանցվել է «Յաշար» հիմնադրամին:


«Եթե այդ հիմնադրամները լիովին կամավոր լինեին, մարդիկ նրանց կվստահեին», - Eurasianet-ին ասել է տնտեսագետ Տոգրուլ Վալիեւը: - Բայց ինչ է նշանակում «կամավոր» Ադրբեջանում: Ադրբեջանում «կամավոր» հաճախ նշանակում է «պարտադիր»։ Ցավոք, դա պետական մարմինների աշխատանքի միակ միջոցն է», - պարզաբանել է նա։


«Յաշաթը» մեկուկես ամսվա աշխատանքի ընթացքում հավաքել է ավելի քան 26 մլն մանաթ (15 մլն դոլար) եւ ծախսել 1,2 մլն մանաթ, որոնց մեծ մասն ուղղված է եղել պատերազմում զոհված զինվորների ընտանիքների եւ վետերանների «բնակարանային պայմանների բարելավմանը»:


Ըստ փորձագիտական գնահատականների, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների ամբողջական վերականգնումը կարող է ձգձգվել 5-10 տար, որի համար կպահանջվի առնվազն 10 մլրդ դոլար: