VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն այս շրջանում ոչ միայն հանդիպումներ է ունենում աննշան կուսակցությունների հետ, որպեսզի հանրությանը համոզի, թե դրության տերն է երկրում։ Ոչ միայն իր պաշտպանության նախարարին ուղարկում է ՀԺԿ նախագահի մոտ, որպեսզի նրան համոզի՝ հանդիպել իր հետ։ Ոչ միայն անընդհատ խոսում է «կառավարման համակարգը ռեսթարթ անելու» մասին եւ կադրային «ռակիրովկաները» ներկայացնում որպես այդ պրոցեսի մաս, այլեւ փորձում է բանակցել ընդդիմության հետ։ Եվ անգամ շանտաժ է անում՝ չեք ուզում ընդունել իմ առաջարկած պայմանները, արտահերթ ընտրություններ չենք անի։ Մեր տեղեկություններով, կոալիցիա կազմելու առաջարկներ արվել են ե՛ւ ԲՀԿ-ին, ե՛ւ ԼՀԿ-ին։ Բանակցություններ են գնում նաեւ արտախորհրդարանականների, նախկին նախագահների, այլ դժգոհ անձանց հետ։ Կարծում են, որ ամեն մեկին մի բան կառաջարկեն, եւ նրանք զենքերը վայր կդնեն։ Ընդդիմության ճամբարում, իհարկե, կան միավորներ, որոնք պատրաստ են «համագործակցության», բայց մի մասն աչքի առաջ ունի ՕԵԿ ճակատագիրը, մյուսները կարծում են, որ ավելի շատի կարող են հավակնել, երրորդները ամբողջն են ուզում, եւ ծրագիրն իրականություն չի դառնում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նախօրեին շրջանառության մեջ է դրել օրենսդրական նախագիծ, որով պատգամավորներին առաջարկում է՝ ամեն ամիս իրենց տրամադրվող գումարից մասհանում անել պատերազմի ժամանակ 1-ին կարգի հաշմանդամություն ձեռք բերած անձանց համար։ Խոսքը մասնավորապես պատգամավորական գործունեության հետ կապված փոխհատուցման ենթակա ծախսերի՝ յուրաքանչյուր պատգամավորի համար սահմանված ամսական 50 հազար դրամի մասին է, որը չի մտնում պատգամավորի ո՛չ աշխատավարձի, ո՛չ էլ պարգեւավճարի մեջ։ Ըստ այդմ՝ տարեկան կտրվածքով մոտ 80 միլիոն դրամ կփոխանցվի հաշմանդամներին։ Խորհրդարանի պատերի ներսում, մասնավորապես պատգամավորների շրջանում, բուռն քննարկվում է նախագիծը։ Այն ոմանց սրտով չէ, ու հնարավոր է ձգեն եւ ներկայացված նախագիծը հնարավորինս ուշ օրակարգ մտցնեն»:
«Հրապարակ» թերթը գրում է. «2020 թվականի սեպտեմբերի 19-ին «Հրապարակը» գրել էր, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ ստեղծվել է «Տրանսպորտի եւ առեւտրի 2020-2040 թթ. ռազմավարության» մշակման աշխատանքները համակարգող խումբ, որում ընդգրկված 5 փոխնախարարներին ղեկավարում է Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը: Կառավարման համակարգում այս որոշումը ոչ միայն անհեթեթ է, այլեւ վիրավորական ու սուբորդինացիան խախտող, քանի որ խորհրդականը չի կարող փոխնախարարից բարձր լինել եւ համակարգել նրանց աշխատանքը: Այսօր արդեն պարզ է, որ այս կառավարությունում դա սովորական բան է. Նիկոլ Փաշինյանն էլ 2021 թ. հունվարի 15-ին աշխատանքային խումբ է ստեղծել՝ սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 9-ը Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների եւ նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ ՌԴ նախագահի հայտարարության դրույթների իրագործման հետեւանքով ՀՀ Սյունիքի մարզում առկա եւ հնարավոր խնդիրների բացահայտման եւ օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով:
Խմբում ներկայացված են ավելի քան մեկ տասնյակ կառույցների ղեկավարների տեղակալներ, որոնց կառավարելու է վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը: Այս պարագայում եւս գործ ունենք նույն անհեթեթության հետ, որովհետեւ խորհրդականը չի կարող փոխնախարարից բարձր լինել: Այս խմբում ընդգրկված է նաեւ վարչապետի գլխավոր խորհրդական, ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը: Պաշտոնյա, ով 2020 թվականի դեկտեմբերի 1-4-ը գործուղվեց Սյունիք, բայց թե ինչու, ինչ արեց կամ ինչ չհասցրեց անել՝ մնաց անհայտ: Ստացվում է՝ Սյունիքի հարցերով զբաղվող աշխատանքային խմբում վարչապետի խորհրդականը ղեկավարելու է վարչապետի գլխավոր խորհրդականին, մեկ տասնյակ փոխնախարարի, ԱԱԾ տնօրենի տեղակալին, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալին ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Ո՞վ է Ռոբերտ Ղուկասյանը: Մասնագիտությամբ կենսաբան Ղուկասյանը մինչեւ թավշյա հեղափոխությունը աշխատել է Կալավանի, ապա՝ ճամբարակի համայնքապետարաններում, եղել է համայնքապետի խորհրդական եւ մի մեծ թռիչքով հայտնվել է կառավարությունում «հպարտ»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի անգործության հետեւանքով շինարարական տարբեր ընկերություններ ու, ընդհանրապես, այդ ոլորտի հետ առնչվող անձինք անելանելի վիճակում են հայտնվել։ Ըստ մեր տեղեկությունների՝ արդեն մի քանի ամիս է՝ տարբեր ընկերություններ սպասում են, որ Հայկ Մարությանն իր ստորագրությունը դնի մի փաստաթղթի վրա, որով կսկսեն իրենց շինարարական աշխատանքներն իրականացնել կամ իրավաբանորեն կավարտեն այն, բայց Մարությանը շատ հազվադեպ է գնում քաղաքապետարան, ինչի համար էլ ընկերությունները չեն կարողանում իրենց գործունեությունը ծավալել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ վերջին անգամ Հայկ Մարությանը քաղաքապետարան է գնացել դեկտեմբերի 30-ին ու այդ օրը միանգամից մոտ 200 շինթույլտվության համար փաստաթուղթ է ստորագրել: Բայց, արի ու տես, այդ շինթույլտվություններն անգամ իրենց հասցեատերերին դեռ չեն հասել, քանի որ հունվարի 11-ից է քաղաքապետարանը սկսել այդ փաստաթղթերը հանձնել: Մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունը այս ամենից հետո հայտնվել է ծանր վիճակում, քանի որ Մարությանի անգործության հետեւանքով ամեն ինչ խճճվել ու խառնվել է իրար՝ կոռուպցիայի ռիսկեր ստեղծելով: Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը որոշել է, որ այլեւս մեր բանավոր հարցերին չի պատասխանում, ինչի համար չկարողացանք պարզել, թե ինչու է Մարությանը որոշել այսպես վրեժխնդիր լինել երեւանցիներից»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանը 44 օր տեւած Արցախյան պատերազմից հետո հաճախ կադրային փոփոխություններ է իրականացնում, սակայն դրանք ավելի շուտ տեղափոխություններ են հիշեցնում, քանի որ նախկին կադրերը պարզապես նոր աշխատանք են ստանում, կամ մի պաշտոնյան պարզապես գերատեսչություն է փոխում: Վառ օրինակը ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին կառավարության աշխատակազմի ղեկավար նշանակելն էր, իսկ վերջինիս փոխարեն էլ այդ պաշտոնին նշանակվեց փոխնախարար Անահիտ Ավանեսյանը: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը ոչ թե ազատվում է անհաջողակ կադրերից, այլ, հակառակը, նրանց նոր պաշտոնների է նշանակում, նույնն էր նաեւ Արայիկ Հարությունյանի պարագայում: Վերջինս, հանրային ճնշման ներքո ազատվելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի պաշտոնից, նշանակվեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական: Իսկ երեկ արդեն կառավարության նիստում Հովհաննես Հարությունյանը նշանակվեց Շիրակի մարզպետ՝ փոխարինելով Տիգրան Պետրոսյանին: Նորանշանակ մարզպետն այնքան էլ նորեկ չէ, եւ նրա հետ բավականին ուշագրավ պատմություններ են առկա: Նախ նշենք, որ Հարությունյանը առողջապահության փոխնախարար է եղել՝ աշխատելով հենց Թորոսյանի հետ: Օրաթերթը դեռ 2019 թ. հոկտեմբերի 16-ին էր գրել Հարությունյանի՝ փոխնախարարի պաշտոնից ազատվելու պատճառների մասին: Նախ՝ պաշտոնից ազատվելուց օրեր առաջ վերջինս խորհրդարանում բախումներ ունեցավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, վերջինս ասել էր․ «Կառաջարկեի այսուհետ քիչ կարծել Ազգային ժողովին իր տեղը ցույց տալ կամ աշխատանք սովորեցնել, թող գործադիրն իր աշխատանքն անի, իսկ Ազգային ժողովը կպատկերացնի՝ ոնց ինքը աշխատի»: Սակայն սա էլ միակ պատճառը չէր կարող լինել. նրա հայրն Ազգային անվտանգության ծառայությունում «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ ծավալված գործողությունների արդյունքում հայտնվել է իրավապահների տեսադաշտում, եւ հենց դրա համար են փոխնախարարին հեռացրել աշխատանքից։ Եվ, ահա. այս դեպքերից մեկ տարի անց Հովհաննես Հարությունյանը կրկին նոր պաշտոնի է նշանակվում։ Իսկ այս տեղափոխությունները եւ նույն մարդկանց կրկին պաշտոններ տալը կարող է նշանակել երկու բան՝ կա՛մ իշխանությունների մոտ կադրային խնդիր է, կա՛մ քչերն են համաձայնում աշխատել իշխանությունների հետ, եւ նրանք ստիպված զբաղվում են կադրային տեղաշարժերով՝ տպավորություն ստեղծելով, թե փոփոխություն են անում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցյալ տարվա օգոստոսին Պետական վերահսկողական ծառայության պետի խորհրդական նշանակված Աշոտ Հարությունյանը երեկ, սեփական դիմումի համաձայն, ազատվել է պաշտոնից։ Հարությունյանը, ով նախկին իշխանության օրոք գյուղատնտեսության փոխնախարարն էր, 2018-ից հետո ԱԺ գյուղատնտեսության հարցերի հանձնաժողովում փորձագետ էր աշխատում, ՊՎԾ տեղափոխվեց օբյեկտիվ ու անկաշկանդ աշխատելու խոստումներ տված Տիգրան Ուլիխանյանի՝ պետի պաշտոնակատար նշանակվելուց հետո եւ վերջինիս առաջարկով։ Սակայն ընդդիմադիր հայացքներով նախկին փոխնախարարը, կարծես թե, չի կարողացել հարմարվել Փաշինյանի մոլի թիմակցի հետ աշխատանքին։ Իսկ պատերազմից հետո՝ առավել եւս, չի ցանկացել մնալ եւ աշխատել այդ թիմում։ Երեկ, ինչպես տեղեկացանք, դիմումը գրել է, հանձնել կաբինետն ու ավտոմեքենայի ծառայողական համարները եւ առանց պետի հետ իր ազատման հարցը քննարկելու՝ դուրս եկել աշխատանքից։ Հարցին՝ ինչո՞ւ որոշեցիք ազատվել աշխատանքից, երբ ընդամենը հինգ ամիս առաջ էիք նշանակվել, Հարությունյանն ասաց․ «Ես իմ սկզբունքայնությունը պահում եմ ու կպահեմ մինչեւ վերջ»։ Ինչ-որ խնդի՞ր է եղել սկզբունքների հետ կապված, քաղաքական հայացքների անհամաձայնությո՞ւն է եղել։ «Ոչ միայն քաղաքական հայացքների անհամաձայնության, ընդհանուր երկրի, տնտեսության վիճակը, զոհերը, անորոշ ապագան աչքի առաջ ունենալով՝ ես որոշեցի այս քայլին գնալ»,- ասաց Աշոտ Հարությունյանը»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Տավուշի մարզում արդեն պատրատսվում են «դիմավորել» 17 կուսակցությունների առաջնորդ Վազգեն Մանուկյանին: Ինչպես հայտնի է, վերջինս մարզային այցելություններ է կատարում, սակայն Գյումրիում նրա առջև մի խումբ մարդիկ ճանապարհ էին փակել՝ փորձելով խոչընդոտել նրա մուտքը մարզ: Դրան հետևեց Վազգեն Մանուկյանի հայտնի՝ «բոմժեր էին» արտահայտությունը, որը մեծ քննադատության ալիք բարձրացրեց: Մեկ անգամ էլ Սյունիքում ճանապարհ էին փակել արդեն ԲՀԿ-ականների առջև՝ կրկին խոչընդոտելու նրանց մուտքը մարզ։ Ավելին, մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի ծննդավայր Իջևան քաղաքում այս առումով մարտական են տրամադրված և անգամ վիրտուալ տիրույթում խումբ են ստեղծել, որտեղ սուր քննարկումներ են ծավալվում և մտադիր են ամեն կերպ խնդիրներ հարուցել ընդդիմության միասնական թեկնածուի համար։ Բայց իրավիճակը ուշագրավ է ու մի փոքր էլ զավեշտալի, քանի որ «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ներկայումս Վազգեն Մանուկյանի և ընդդիմադիր կուսակցությունների մարզային այցելությունները դադարեցված են։ Եվ անհասկանալի է, թե իշխանական ուժերը ինչեր և ինչու են պլանավորում»։
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանը հայտարարում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատերազմի ժամանակ վարչապետ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ առաջարկել է ԱԹՍ-ի դեմ պայքարի միջոցներ, սակայն Փաշինյանը մերժել է: Ըստ Շահնազարյանի՝ Մակրոնն այդ մասին պատմել է ֆրանսահայ համայնքի որոշ ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Մենք կապ հաստատեցինք համայնքի մի քանի ներկայացուցիչների հետ, ովքեր հերքեցին, որ համայնքի ներկայացուցիչների և Մակրոնի միջև հանդիպում է եղել: Եթե հանդիպումը չի եղել, մնացածն արդեն հորինվածք է»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո, այնպես էլ հիմա, ամեն ինչ արվում է, որպեսզի զորացրված զինծառայողների զինվորական գրքույկներում չգրվի պատերազմին մասնակցած լինելու մասին։ Մենք բազում ահազանգեր ենք ստանում, որ զորացրված զինծառայողների զինգրքույկներում կարգավիճակի դիմաց համատարած «վարորդ» է նշվում։ Բանն այն է, որ վարորդները չեն համարվում պատերազմական գործողությունների մասնակից եւ չեն օգտվում զինվորների համար նախատեսված արտոնություններից։ Սա հատկապես արվում է, որպեսզի զինվորները, որոնք կարող են ապագայում ուսանող լինել, չօգտվեն ուսման վարձի 100 տոկոս փոխհատուցումից, որի վերաբերյալ կառավարությունը դեկտեմբերին որոշում ընդունեց։ Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմից հետո էլ էր այս թեման մեծ աղմուկ բարձրացրել, երբ զինգրքույկներում չէին ամրագրում, որ զինվորները մասնակցել են պատերազմական գործողություններին, եւ միայն այդ մասին մամուլի բարձրացրած աղմուկից հետո էին շտկումներ արվում»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Գերությունից վերադարձած այն քաղաքացիները, որոնք գերության մեջ էին հայտնվել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, մտադիր են դիմել միջազգային ատյաններ՝ իրենցից առգրավված գույքի դիմաց փոխհատուցում ստանալու պահանջով: Ադրբեջանական կողմը ՀՀ քաղաքացիներին Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին գերեվարել էր իրենց անձնական օգտագործման մեքենաներով, որոնք մնացել են ադրբեջանական կողմի տնօրինման տակ: Գերությունից վերադարձած քաղաքացիները չեն կարող դիմել Ադրբեջանին, իսկ Հայաստանի պետական մարմիններն էլ չեն պատրաստվում փոխհատուցել կրած վնասը: Միակ ճանապարհը մնում է միջազգային հարթակներում սեփական գույքային շահերը պաշտպանելը»: